«Հետհեղափոխական Հայաստան. Համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ» օրակարգի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում։ Ելույթներով հանդես եկան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և այլք։
Լևոն Բարսեղյանն իր խոսքում նշեց, որ անտարակույս հավատում է Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը, ինչպես նաև կարևորեց հանրային լսումների ներքո նախորդ իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տալը, որոշ պաշտոնյաների լյուստրացիան։
Ունենք վստահություն ունեցող Ազգային ժողով և վստահություն ունեցող կառավարություն. ընդգծեց Արթուր Սաքունցը։ Սակայն նրա կարծիքով՝ դատական համակարգը դեռևս վստահելի չէ, իսկ նախկինների օրոք կախված է եղել իշխանություններից, իսկ ներկայումս, գրասենյակի ղեկավարի խոսքով, դատական համակարգը կախյալ չէ, սակայն բովանդակությամբ նախկինին է հիշեցնում։
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հիշեցրեց, որ 2003 թվականից սկսած Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները որդեգրել էին
հակակոռուպցիոն քաղաքականություն և ստանձնել միջազգային պարտավորություններ, սակայն դա կրել էր միայն իմիտացիոն բնույթ, իսկ նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարում կա։ Կենտրոնի տնօրենը նշում է, որ կառավարությունն իր առջև պետք է հստակ քայլերի նպատակ դնի՝ մոտակա 5 տարիների համար կոռուպցիայի դեմ պայքարում՝ կոչ անելով օգտագործել եվրոպական փորձը։
0 Մեկնաբանություն