Քաղաքականություն

Դատախազությունը հաստատում է Մոսկվայի կենտրոնում Վահագն Հարությունյանի ձերբակալումը

ՀՀ դատախազությունը հաստատում է տեղեկությունը, թե «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Ռուսաստանում։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Մեր ոստիկանությանը Վահագն Հարությունյանի ձերբակալման մասին տեղեկացվել է, սահմանված կարգով էքստրադիցայի (հանցանք կատարած անձին հանձնելը) գործընթաց կնախաձեռնվի»,- ասաց նա։

Նշենք, որ ռուսական մամուլում հրապարակումներ էին եղել, թե Վահագն Հարությունյանը ձերբակալվել է մարտի 14-ին։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը դեռևս 2018թ․-ի հոկտմբերի 31-ին որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2018թ․-ի դեկտմբերին Վահագն Հարությունյանին 2 նոր մեղադրանք էր առաջադրվել։ Նա մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *