ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախի հանրապետությունում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է կարեւոր ուղերձ: Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Էդմոն Մարուքյանն այդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես գնահատեց. «Երեւի թե առաջին անգամ, Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց»: Դրանք արտաքին օգտագործման ուղերձներ էին: Էդմոն Մարուքյանը կարեւորում է Նիկոլ Փաշինյանի ելույթի հետեւյալ շեշտադրումները` Արցախի իշխանության վերադարձը բանակցային սեղան, նաեւ այն, որ պետք է միջնորդները հստակություն մտցնեն բանակցային հիմք հանդիսացող սկզբունքների եւ տարրերի հետ: «Մինչեւ այսօր կարող է պարզ են եղել, մինչեւ այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հադիպումն է լինելու»,- ի պատասխան լրագրողների հարցերի`մինչեւ այսօր պարզ չէ՞ր, թե ինչի՞ շուրջ էին բանակցությունները, ասաց Էդմոն Մարուքյանը: Սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Էդմոն Մարուքյանն առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում: Իսկ Արցախը`բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, ըստ նրա, միջազգային հանրության հետ հայկական կողմը`դիվանագիտական եւ խորհրդարանական հարթակներում, պետք է բանակցություններ տանի. «Չպետք է սպասել, որ Ալիեւը, ադրբեջանական կողմը ասի`դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Քանի դեռ Յոհաննես Հաննից սկսած մինչեւ միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ չեն ասում`բայց կարծում եմ, որ Արցախը պետք է վերադառնա…»: Ըստ նրա, եթե բոլոր մայրաքաղաքներից այդ ուղերձը գա` Ադրբեջանն այլընտրանք չի ունենալու: Միաժամանակ, նկատում է, խնդրի վերջնական լուծումը պետք է բոլոր կողմերին բավարարի:
Նյութը՝ «Առավոտ»-ի։
0 Մեկնաբանություն