Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` բուհերը չպետք է քաղաքականացվեն: Այս առիթով նա կարևորում է համարում հետևել, որ բուհերի խորհուրդներում չընդգրկվեն «Իմ քայլը» խմբակցությունից կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից անձինք: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդգրկվի բուհերի նոր ձևավորվող կառավարման խորհուրդներում: Ես տվյալներ ունեմ, որ կառավարման խորհուրդներ կան, որում արդեն իշխող ուժից մարդիկ կան ներառված: Դա պետք է բացառենք: Վարչապետի խոսքը պետք է կատարել, և այդ մարդկանց ասել, որ դուրս գան»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով վարչապետի մյուս հայտարարությանը, որ ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները տեղ չունեն նոր Հայաստանում` Մարուքյանը նշեց` ովքեր բուհի կանոնադրություն են խախտել, ուսանողների իրավունք են ոտնահարել, չպետք է ռեկտոր աշխատեն: Բայց նա շեշտեց, որ ռեկտորների ազատման գործընթացը ևս պետք է օրենքին համահունչ լինի:
0 Մեկնաբանություն