Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կառավարությունը ծրագիր կազմելիս հաշվի չի առել խորհրդարանի կարծիքը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Խորհրդարանն արհամարհվել է կառավարության կողմից: Այս մասին Մարուքյանն ասել է փետրվարի 12-ին` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս ծրագիրը հնարավոր չէ փոխել, այն պետք է հաստատել կամ մերժել: Նախկինում ծրագրերն ուղարկվում էին խմբակցություններին մինչև դահլիճ մտնելը, ու խմբակցությունները հնարավորություն էին ունենում իրենց առաջարկները ներկայացնել ծրագրի վերաբերյալ: Հիմա խորհրդարանը արհամարհվել է և միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում քննարկելու համար»,- ասել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշել է նաև, որ պարզ չէ, թե ովքեր են իրականացնելու գործադիրի ներկայացրած ծրագիրը:

«Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն: Այսինքն՝ կառավարությունը չունի կառուցվածք, չկա կառավարության կառուցվածքի մասին օրենք, որը մեզ կտա հնարավորին տեսլական, թե ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քվեարկության վերաբերյալ իրենց խմբակցությունում նախնական տրամադրվածություն կա, բայց քննարկումները չեն ավարտվել, իսկ դրանց վերջնական արդյունքի վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն:

ՀՀ Կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին: Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ներկայացրել է խորհրդարանի անդամներին:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *