Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ

ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան նախարարություններ: 

Հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը շրջանառելիս հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, բայց այստեղ կարևոր է Ոստիկանության, ԱԱԾ-ի ու հարկահավաք մարմնի հարցը, որոնք պիտի լինեն խորհրդարանական վերահսկողության տակ: Մեծ հաշվով ինձ մյուսներն ավելի քիչ են հետաքրքրում պետականաշինության տեսանկյունից, քան մյուսները, եթե ուզում ենք ունենալ ժողովրդավարական երկիր: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ, Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ մինչև 18 նախարարություն»,- ասել է Մարուքյանը:

Նա նշել է, որ այդ փոփոխություններից հետո էլ դրանք, միևնույն է, մնալու են վարչապետի ենթակայության տակ:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը ներառված է, բայցդրա վերաբերյալ նախագիծը դեռ Աժ չի ներկայացվել: 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչև այժմ հրապարակված նախագծի համաձայն` նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ 12 նախարարությունները.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *