Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Երեկ 16 քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Սա ներքաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, երբ իշխանափոխությանը զուգընթաց ուժերը ներկայացնում են վարչապետի իրենց թեկնածուներին։
Համաձայն ՀՀ սահմանադրության թե’ իմպիչմենտի, թե’ վարչապետի հրաժարականի դեպքում նոր՝ անցումային վարչապետին ընտրելու է խորհրդարանը։ Միանշանակ է, որ «Իմ Քայլը» կորցրել է հասարակության վստահությունը և բնական է, որ սպասվելիք ընտրություններում այս պահին խորհրդարանում եղած ուժերից զատ մասնակցելու և որոշակի հաջողություն են գրանցելու նաև խորհրդարանից դուրս եղած այլ ուժեր։ Միանշանակ է նաև, որ խորհրդարանում չեն լինելու հասարակության շրջանում ճանաչում չունեցող, կամ խիստ բացասական ընկալում ունեցող ուժերը։ Առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում քաղաքական քարտեզը շատ հստակ է։
Այս գործընթացներում իր դերակատարումն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԼՀԿ-ն ունեցե’լ և պաշտպանել է իր տեսլականը նախկին իշխանությունների օրոք և ներկայացված եղել խորհրդարանում։ ԼՀԿ-ն ի պատասխան իմքայլական իշխանությունների ձախողումների ծավալել է ընդդիմադիր գործունեություն նաև այս խորհրդարանում և ենթարկվել խուլիգանական հարձակման, ենթարկվել հետապնդումների։ Նոյեմբերի 9-ին ստորագրված դժբախտաբեր հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ընտրվի անցումային նոր վարչապետ և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ինձ համար, որպես ԼՀԿ հիմնադիր անդամի առնվազն անհասկանալի կլիներ, եթե կուսակցությունը չունենար սեփական վարչապետի թեկնածուն և սատարեր՝ օրինակ նախկին կամ գործող ուժերից մեկի ղեկավարին։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում որքան էլ առճակատվել է իշխանական հին ու նոր ուժերին, այդուհանդերձ երկրի ներսում թշնամիներ չի փնտրել և ի տարբերություն շատ ու շատ ուժերի՝ ունի երես մրցակիցների աչքերի մեջ ուղիղ նայելու։
Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն ուժերին և մարդկանց, ովքեր այս բախտորոշ շրջանում պատրաստ են սպասվելիք բարդ ու ծանր որոշումների պատասխանատվությունը վերցնել։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի բոլոր նախագահներին, որոնցից յուրաքանչյուրը (ամուր թե փուխր) մի քար է դրել մեր պետականության կայացման համար։
Այս ճամփաբաժանին, որպես նորանկախ պետության քաղաքացի, ես նայում եմ առաջ։ Առջևում ես տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,Վազգեն Մանուկյանի ու էլի շատերի ավանդը, բայց չեմ տեսնում իրենց՝ որպես պետության ղեկավարների, լինի անցումային թե հիմնական։
Էդմոն Մարուքյանն է վարչապետի մեր թեկնածուն։ Այո’, նա չունի ժողովրդի 80 տոկոսի վստահությունը և տա Աստված, որ Հայաստանում այլևս ոչ ոք այդպիսի վարկանիշ չունենա, դա աղետաբեր է։ Այո’, նա չունի մեդիահոլդինգներ, որպեսզի կարողանա իր գործունեությունը պատշաճ լուսաբանել, կամ ներկայացնել իր թեկնածությունը այնպես, ինչպես հիմա ներկայացվում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Փոխարենը նա ունի կուռ թիմ և ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը։ Այո’, թիմը մեծ չէ, բայց ո՞վ է ասում, թե Հայաստանում որևէ ուժ կարող է առանց ներառական քաղաքականության հաջողել։ Տեսա’նք «պոլի փետ լինի, մերը լինի» քաղաքականության պտուղները։
Երբ ես որոշում եմ կայացրել միանալ Մարուքյանին և ստեղծել Լուսավոր Հայաստանը, դա արել եմ տեսնելով իր շրջահայացությունը, սկզբունքայնությունը և պայքարելու հաստատակամությունը: Այդ օրվանից երկրում շատ բան է փոխվել, բայց չեն ճկվել Մարուքյանի մոտեցումները` անձնվեր աշխատելու, ներսում թշնամիներ չփնտրելու և ողջամիտ ու քաղաքակիրթ պայքար մղելու մասով:
Կարծում եմ, որ երբ գործընթացները հասնեն թեկնածուների առաջադրումներին, Լուսավոր Հայաստանը կառաջադրի Էդմոն Մարուքյանին, ով համոզված եմ խորհրդարանի մյուս ուժերի մասնակցությամբ կընտրվի որպես անցումային և արտահերթ ընտրությունները հավուր պատշաճի կազմակերպող վարչապետ:
Այս աղետի հետևանքները պետք է հաղթահարվեն, երկիրը պետք է ԱՌԱՋ շարժվի:
0 Մեկնաբանություն