Եվրախորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:
Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհաժեշտությունը։
0 Մեկնաբանություն