Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող:
Անհասկանալի է, օրինակ, Գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյո՞ք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:
Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:
Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:
Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում:
0 Մեկնաբանություն