Քաղաքականություն

Գոռ Գևորգյանը լքում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր աշխատելու որոշման մասին: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:

Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին».- գրել է պատգամավորը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *