Քաղաքականություն

Գործող իշխանությունը պետք է գնահատական տա անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցածին. Լեւոն Բարսեղյան

Գործող իշխանությունը պետք է քաղաքական, իրավական ու պատմական գնահատական տա անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցածին: Այս մասին այսօր կարծիք հայտնեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը`«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների՝ համակարգային լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ: 

Մինչ այդ, իր բացման խոսքում, «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հայտարարել էր, որ քննարկման նպատակն է`հանրությանը ներկայացնել նախաձեռնության մշակած հայեցակարգը, որը ներառում է հետհեղափոխական Հայաստանի զարգացման իրենց տեսլականը: «Ապրիլյան հեղափոխությունը հասավ նրան, որ քաղաքական գործընթացներից բացարձակ մեկուսացված, հանրային դիսկուրսից հեռացած, արժեզրկված քաղաքացին համախմբվեց եւ հասավ նրան, որ վերջ դրեց ավտորիտար ռեժիմի իշխանությանը: Հեղափոխությունից առաջ եւ հետո իրապես տարբեր քաղաքացի ունենք»,- ասաց նա`համոզմունք հայտնելով, որ խորհրդարանը, մնացյալ հանրային ինստիտուտները ևս կարիք ունեն տրանսֆորմացիայի`«դառնալով ժողովրդավարական եւ ժողովրդական, դառնալ վերահսկելի`քաղաքացու եւ հանրության կողմից»: 
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ հայեցակարգը վերամշակվել է անցած տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, այն մշակվել էր նախորդ 15 տարիների ընթացքում: 70 էջանոց փաստաթղթում ներառված են այն ոլորտները, որոնց մասնագետներն ունեցել են. վեց կազմակերպությունից 20-25 մասնագետ է աշխատել դրանց վրա: Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, հեղափոխությունից մեկ տարի անց, ճիշտ է, որ հետ հայացք նետվի Հայաստանի անցած երեք տասնամյակների պատմությանը, ամրագրումներ եւ արձանագրումներ արվեն` տարբեր տեսանկյուններից. «Եթե դա չի արվում, լրջագույն ռիսկի առջեւ ենք կանգնում` նույն սխալները կրկնելու, նույն փոցխի վրա բարձրանալու, մանավանդ, սովորույթ չունենք ուրիշների սխալների վրա սովորելու»: 1990-ականների առաջին մի քանի տարիները նա համարում է ազատագրման շրջան`70-ամյա միակուսակցականությունից հետո: «Այդ ազատագրումը կարճ տեւեց եւ խեղդվեց 1995-ին` Սահմանադրություն, ԱԺ ընտրություններ, 1996-ի նախագահական ընտրություններ: Ժողովրդավարությունից նահանջը քսան քանի տարի առաջ սկսվեց»,- ասաց նա` հավելելով, որ հետո եկավ մի ժամանակ, որ ասում էին`«ժողովրդավարությունը ազգային անվտանգությանը հակասում է, սպասեք կողքերի թշնամիներին հաղթենք, տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, հետո կգա մարդու իրավունքներից խոսելու ժամանակը»: 
Լեւոն Բարսեղյանը սա համարում է կեղծ, կանխամտածված հակադրություն, որով երկար տարիներ փորձում էին կերակրել, բայց անհաջող. «Իմ համոզմամբ, ազգային անվտանգության լավագույն երաշխավորը ժողովրդաիշխանությունն է, երբ իշխանությունը ժողովրդից է կամ հենց ժողովուրդն է: Բարեբախտաբար, մենք այն բախտավորներից ենք, որ տեսանք, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենում: Պատմելով, երեւի թե որեւէ մեկը չհավատար, թե նման բան կարող է տեղի ունենալ»: Անդրադառնալով «զավթումների» պատմությանը, բանախոսը նկատեց`պետությունը զավթած օրվա իշխանավորները լավ էին հասկանում մեդիայի դերն ու նշանակությունը, ուստի այդ ուղղությամբ լավ աշխատանք էր տարվում: Հիշում է, երբ քաղաքապետը քեֆը լավ, գիշերը մտել է հեռուստակայան եւ ասել է`«էս պերեդատչիկն անջատեք»: Դեպքը տեղի է ունեցել 1993 թվականին, «Ցայգ» հեռուստաընկերությունում, քաղաքապետն էլ Լյովա Ադամյանն էր: «Էդ քաղաքապետը նամակ էր գրել կապի նախարարություն, ասել էր «Ցայգի» տեխնիկան վերցրեք`տվեք «Շիրակ» հեռուստաընկերությանը`տեղյակ չլինելով, որ մեկը մասնավոր է, մյուսը`պետական: Այս տեսակ հիմարությունները վերաճեցին եւ հանգեցրին 2002-ի ապրիլի 2-ին`«Ա1+»-ի եւ «Նոյան Տապանի» փակմանը, 2008-ին «Գալա»-ի վրա հարձակմանը, ժողովրդական հանգանակությունը` հարկայինի «կեղծ ակտի» 25 միլիոնը վճարելու համար»,- ասաց նա` հավելելով, որ ընտրությունները կեղծվում էին, քաղաքական դաշտը զավթվում էր` կուսակցություններին լլկելով, ուծացնելով եւ «գրպանի հաճախորդ» էին դարձնում, տնտեսությունն էր զավթվել`մենաշնորհներ, մշակույթն էր զավթվել. «Իրականում, տարիներ շարունակ պետության զավթում է եղել, մենք այդ մասին ենք խոսել, ոչ թե իշխանության զավթման»: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոռուպցիա չի լինելու: Լեւոն Բարսեղյանի կարծիքով, դժվար է գտնել մարդու, ով չհավատա այդ հայտարարությանը. «Սա շատ լուրջ հայտարարություն է, տարակույս չունեմ, որ իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, բայց որպեսզի դա ինստիտուցիոնալ համակարգի վրա դրվի, շատ լուրջ օրենսդրական եւ այլ բարեփոխումներ են պետք»: Բայց, իրենց նախապատրաստած հայեցակարգը, որը ներկայացված է իշխանություններին եւ իրենց իսկ տպավորությամբ, նրանք շահագրգիռ են քննարկման, իրագործմանը պետք է հաջորդի անցած բռնապետական երեւույթների քաղաքական գնահատականը`անկախ արդյունքից: Սա իրենց հայեցակարգի նախաբանն է: Կարծում են, որ առանց դրա մնացյալ բարեփոխումներն, այդ թվում նաեւ լյուստրացիան, ամբողջական չեն լինի եւ չեն կարող երաշխավորել առաջիկայում պետության զավթումից: Սա, Լեւոն Բարսեղյանի կարծիքով, ԱԺ-ի առաջնահերթ գործերից մեկն է: Դա պետք է լինի հանրային լսումների արդյունքում: 
Նյութը՝ «Առավոտ»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *