Քաղաքականություն

Համացանցում նկարներ հայտնվեցին, որ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը ճաշի է հրավիրել Մուրադովին, սա պատահական չէ․Բադասյան (տեսանյութ)

«Մենք հարյուր տարի անց հայտնվեցինք ռուս-թուրքական բազարի մեջ՝ որպես ապրանք»,- այսօր հայտարարեց Մարտական խաչի ասպետ, Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վահան Բադասյանը, ով պատերազմի ժամանակ վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ մասնակցում է Ազգային ժողովրավարական բևեռի նախաձեռնած երթին դեպի ԱԳՆ։

«Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1915-ին, Թուրքիայի և Ռուսաստանի պայմանավորվածությամբ եղավ Ցեղասպանություն: Ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից, իսկ հայերն Առաջին համաշխարհայինում այնտեղ աջակցել էին ռուսական կայսրությանը։ Ռուսները Բալկաններում թուրքերի հետ համաձայնության եկան և զորքերը հետ քաշելով՝ հայերին թողեցին կրակի մեջ»,- նշեց նա:

Բադասյանի համոզմամբ՝ Հարյուր տարի հետո Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և դավաճանական արարքով Ռուսաստանը կարողացավ մուտք գործել տարածաշրջան՝ իր խաղաղապահ զորքերով․

«15 օր առաջ եմ եղել Արցախում, գնալիս ռուսները շատ քաղաքավարությամբ հարցնում էին՝ ինչպե՞ս եք, ձեզ չե՞ն անհանգստացրել, մի շաբաթ հետո այնտեղից վերադարձա, ռուս զինվորը հարցնում էր՝ ի՞նչ եք տանում, սրան հաջորդելու է մեքենաների ստուգումը»։

Բադասյանը հիշեցրեց՝ երեկ համացանցում նկարներ հայտնվեցին, որտեղ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը ճաշի է հրավիրել Մուրադովին, ըստ Բադասյանի՝ սա պատահական չէ․

«Ահա ռուսների ձեռագիրը»,-նշում է նա։ Նա դիմում է Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այժմ Երևանում են, իրենց երկրի նախագահներին հասցնել իրենց ուղերձն ու կոչը ․ «Երեկ այս մարդիկ եղել են Բաքվում և Ալիևն արհամարհել է նրանց։ Այստեղ մենք պետք է նրանց կոչ անենք, որպեսզի ստիպեն իրենց երկրների նախագահներին՝ աջակցել մեր ժողովրդին բանակցությունների շրջանակում»։

Բադասյանը հավելեց, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը ռազմական գործից չհասկացող գեներալների էր նշանակել, որոնք մարտերը վարում էին ոչ պրոֆեսիոնալ․ «Պատերազմը տևեց 44 օր։ Մի՞թե դժվար էր անօդաչու թռչող սարքեր գնել։ Ո՛չ, դժվար չէր։ Բայց ինքը որոշեց, որ ժողովրդի հավաքած 180 մլն դոլարը կառավարությունը ծախսի»։

 Բադասյանն ասում է՝  փաստաբանների հետ խոսել է և գրավոր դիմելու է դատախազություն՝ հանցագործության մասին հայտնելու․ «Հանցագործությունը սխալ զենքի գնումն է․ ո՞ւր են մեր ՍՈՒ-երը։ Ինչո՞ւ չմասնակցեցին պատերազմին։ Պատճառաբանում են, որ օդաչուներ չունեն։ Բա որ օդաչուներ չունեք, ինչո՞ւ եք գնել։ Իրական պատճառը թաքցնում են․ հրթիռներ չեն ունեցել, անգամ հրթիռների համար նախատեսված շրջանակները չունեն։ Դա արժեր ավելի քան 200 մլն դոլար։ Դրանով հնարավոր է առնել 30-40 անօդաչու և դրանց համար ավելի  քան 10 .000 հրթիռներ։ Եվ որպեսզի իմանաք՝ Ադրբեջանը մեզ հաղթեց 20 բայրաքթարով և 6 հազար ռակետով»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *