Քաղաքականություն

Հատկապես մտահոգիչ է ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը.Ժառանգություն

Հայաստանում՝ համավարակի դեռևս չհաղթահարված այս իրավիճակում, գնալով ահագնանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Համալիր խնդիրներից հատկապես մտահոգիչ է  ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը:

Վերլուծելով վարկային շուկայում ստեղծված իրավիճակը, վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց դժգոհությունները՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ մոտ ապագայում բանկերն ու վարկային կազմակերպությունները աներկբա բախվելու են վարկառուների անվճարունակությանը: Եթե կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ չմշակի արտակարգ իրավիճակում վարկատու-վարկառու հարաբերությունների հստակ կարգավորումներ, ապա ֆինանսական կազմակերպությունները չեն կարողանա ստանալ իրենց գումարները, իսկ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքից բացի կորցնել նաև իրենց բնակարանները, հանապազօրյա հացի հետ զրկվել իրենց օթևաններից: Կսկսվի բռնագանձումների, սնանկացման անխուսափելի գործընթացը, որը սոցիալական մեծ անկայունություն կստեղծի ողջ հանրապետությունում: Հարվածը միակողմանի չէ, բանկերը համարվում են տնտեսության արյունատար անոթները, եթե նրանք չկարողանան հավաքագրել պայմանագրերով նախանշված գումարները համավարակի հետևանք ահագնացող գործազրկության պատճառով, ապա չեն կարողանա ներքին միջոցների հաշվին շարունակել վարկավորել ՀՀ տնտեսությունը, իսկ արտերկրից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող վարկերը շատ ավելի «թանկ» են, ուստի կբարձրանան վարկային տոկոսադրույքները, շեշտալի կնվազի տնտեսական ակտիվությունը:

Որպեսզի ֆինանսական կազմակերպությունները չդիմեն դատական կամ արտադատական կարգով բռնագանձումների՝ էլ ավելի խորացնելով առկա ճգնաժամը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ձեռնարկել հետևյալ միջոցառումները hամավարակի ընթացքում իրենց աշխատանքը կորցրած և կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտված այն քաղաքացիների համար, որոնք սպառողական վարկերի բեռի ներքո են: Նշենք, որ այս քաղաքացիներին ի հայտ բերելը դժվար չէ, քանզի նրանց տվյալները պահպանվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

Ա) Դադարեցնել վարկի տոկոսների և տույժերի հաշվեգրումը առնվազն 6 ամիս ժամկետով,

Բ) ըստ անհրաժեշտության պետության կողմից ձեռք բերել սպառողական վարկերի պորտֆելները՝  կիրառելով ԿԲ հաշվարկային տոկոսադրույքը,

Գ) ստեղծել արտաբյուջետային հատուկ հիմնադրամ սոցիալական աղետի մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման կամ վարկերի սպասարկման աջակցման համար՝ դադարեցնելով նրանց վարկավորումը մինչև գրանցված աշխատող դառնալը։

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

 27.07.2020

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *