Քաղաքականություն

Հայատացության մակարդակը շատ բարձր է Ադրբեջանում. Էդ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դրական է համարում Փաշինյան- Ալիև հանդիպումը, բայց մի դիտարկում ունի իշխանությանն ուղղված, որի պատասխանը չի տրվել.

«Մենք մի քանի հարց ունեինք, որոնց հրապարակային պատասախան չի տրվել, խոսքը օրակարգի մասին է` 3 սկզբունքների 6 տարրերի մեկնաբանությունը, դա ենք ուզում հասկանալ»։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ  հայտարարությունը, թե կողմերը պիտի հումանիտար գործունեություն ծավալեն, Էդմոն Մարուքյանը իրատեսական չի համարում։ Օրինակ` երբ տարիներ առաջ իրավապաշտպանի գործունեություն էր ծավալում, տարբեր առիթներով Ադրբեջանից լրագրողների, իրավապաշտպանների խմբեր էին հրավիրում Հայաստան, որոշ դեպքերում նաև Հայաստանից են գնացել, սակայն վերջին 10 տարիների ընթացքում դա չկա։

«Անհանդուրժողականության, հայատացության մակարդակը շատ բարձր է Ադրբեջանում, եթե մենք չենք կարողանում գնալ, քանի որ երաշխիք չկա, իրենց կողմից եկողներն էլ հետո հետապնդվում են և այդ իրավիճակում հնարավոր չէ խոսել կոնֆլիկտի լուծման մասին»։

Խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաև օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից Առողջապահության փոխնախարարին կաշառք ստանալու պահին ձերբակալելու մասին տեղեկատվությանը: Նա նշեց, որ երբ անդադար հայտարարվում էր, որ Հայաստանում կոռուպցիա չկա, ինքն առաջիններից է եղել, որ ասել է՝  կոռուպցիա կա:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս համակարգային բնույթ չի կրում, որովհետև Կառավարությունն այդպես էլ չի կարողանում վերջնական եզրահանգման գալ, թե ինչ մարմին ստեղծվի»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *