ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչով Եռաբլուրում էին ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպաներ, գեներալներ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին, նաև այդ կերպ նշելու ԱԱԾ աշխատակցի օրը։ Դեկտեմբերի 20-ը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրն է։
Ի թիվս այլ սպաների՝ Եռաբլուրում էր նաև գեներալ-մայոր Գրիգորի (Գրիշա) Հայրապետովը, որը 1 տարուց ավելի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր կամ, այլ կերպ ասած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ղեկավարը։ Աշխատանքից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Փաշինյանի հրամանով և առանց որևէ բացատրության` անակնկալ կերպով։
Հայրապետովն այն եզակի մարդկանցից է, ով Փաշինյանի և Ալիևի հետ ներկա է գտնվել Դուշանբեի հայտնի վերելակում, ուր, ասում են, Արցախյան հարցի շուրջ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև։
Hraparak.am-ը փորձել է հետաքրքրվել Հայրապետովից՝ ի՞նչ է խոսվել հայտնի վերելակում, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Փաշինյանի և Ալիևի միջև, կամ որևէ բան փոխանցե՞լ է Ալիևը Փաշինյանին։
Գրիգորի Հայրապետովը, ով դիմակով է եղել, մի կերպ ճանաչելի, ողջ ընթացքում, գրեթե, լուռ էր, շփվում էր միայն իրեն մոտեցած հատուկենտ սպաների հետ, և «Հրապարակ»-ի հարցերին ի պատասխան՝ ասել է, որ չի ուզում խոսել, խնդրել, որ հարցեր չուղղեն իրեն։ «Հրապարակ»-ի բոլոր ջանքերը՝ որևէ բառ կորզելու ՊՊԾ նախկին պետից, ապարդյուն են անցել։ Նա հազիվ լսելի ձայնով միայն հասկացրել է, որ չի ցանկանում խոսել։ Եռաբլուրից իջնելիս՝ մի պահ նա Արթուր Վանեցյանի հետ ռուսերեն լեզվով է զրուցել։
«Հրապարակ»-ը փորձել է Վանեցյանից հետաքրքրվել՝ չի՞ կարծում, արդյոք, որ Գրիշա Հայրապետովն ու նախկինում աշխատած մի շարք այլ բարձրաստիճան սպաներ այսօր պետք է խոսեն ու ասեն ինչ-որ բաներ։
«Բոլորը որոշում են, թե երբ, ինչ ծավալով և որ պահին խոսեն։ Բարձրաստիճան սպաներ, փորձ ունեցող մարդիկ իրենք են որոշում իրենց անելիքը»,-ասել է Վանեցյանը։
0 Մեկնաբանություն