Հունիսի 4-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը։ Քննարկվել են հասարակական-քաղաքական օրակարգին, կուսակցության տարածքային կառույցների ձևավորման և դրանց աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է կառավարության հերթական չհաշվարկված գործողությունը և պահանջում է հետ կանչել Հայաստանի քաղաքացիների հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը։
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում առկա խորը ճգնաժամի պայմաններում, Կառավարությունը հանդես է եկել հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ առաջարկվում է փոփոխել գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ մոտարկելով անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքները: Օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտներն ավելանալու են ավելի քան 4 անգամ, ինչը փաստացի նշանակում է քաղաքացիների ֆինանսական բեռի զգալի աճ:
Ներկա փուլում, երբ կորոնավիրուսի համավարակի արդյունքում և Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհ գործողությունների հետևանքով պետությունը հայտնվել է առողջապահական, տնտեսական, սոցիալական ճգնաժամում, երբ փաստացի կրճատվում են 10-յակ 1000-ավոր աշխատատեղեր, նվազում քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, երբ առկա է անորոշության զգացում վաղվա օրվա հանդեպ, «Հայրենիք» կուսակցությունը ժամանակավրեպ և անընդունելի է համարում նման գործելաոճը և պահանջում է կառավարությունից զերծ մնալ հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունները կատարելուց, մեր քաղաքացիների ֆինանսական և սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնելու քաղաքականությունից:
Հիշատակված փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ոչ միայն մեր քաղաքացիների վրա, այլ նաև նվազեցնելու են Հայաստանի գրավչությունը հնարավոր հայրենադարձների և օտարերկրյա ներդրողների համար՝ հանգեցնելով անշարժ գույքի շուկայում էլ ավելի խորը կոլապսի։
«Հայրենիք» կուսակցություն
0 Մեկնաբանություն