Քաղաքականություն

Հեռուստաբանավեճ․ Տիգրան Գրիգորյան («Լուսավոր Հայաստան») և Ռաֆիկ Ղազինյան («Հայ Յեղափոխական Դաշնակցության»)

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Գրիգորյանի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Ռաֆիկ Ղազինյանի հետ։

Հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչու պիտի ընտրի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և նրա կողմից առաջադրված թեկնածուին, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը քաջ գիտակցում է՝ այսօր Հայաստանը կանգնած է լրջագույն փոփոխությունների հրամայականի առջև, քանի որ ակտիվացած ուժերի թիվը մեծ է, և ընտրողը մեծ ընտրանքի առաջ է կանգնած՝ վերջապես ում վստահել և սատարել, որպեսզի երկրի քաղաքական համակարգը մտնի բնականոն զարգացման հուն, քանի որ հետհեղափոխական երկրներում որոշակի կայունության համար անհրաժեշտ է քաղաքական գործընթացների կայունացում։ Պարոն Գրիգորյանը նշեց, որ ինքն ընտրել է դուռ առ դուռ ընտրողին ներկայանալու, նրա հետ անմիջականորեն շփվելու, նրա հարցերին պատասխանելու մեթոդոլոգիան։ Նա ցավով նշեց, որ ժողովրդի որոշակի հատված նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ ընտրություններ են առաջիկայում սպասվում, և այս առումով բոլոր քաղաքական ուժերի խնդիրը շատ դժվար է, որպեսզի մարդկանց բացատրեն, թե ինչու ընտրեն հատկապես այս կամ այն քաղաքական ուժին։ Նա նշեց նաև, որ ինքն ընտրողներին ներկայանում է իր բուկլետներով, որտեղ հետաքրքիր կերպով ներկայացված է ոչ միայն իր կենսագրությունը, այլ նաև իր քայլերի տրամաբանությունը։

Պարոն Ղազինյանը նշեց, որ 1995թ-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ այդ թվականից մինչև այսօր ընտրություններն ընթացել են ընտրակեղծիքներով, և նորմալ խորհրդարան  չի ձևավորվել։ Նա ասաց, որ ինքն առաջադրվել է՝ հիմքում ունենալով այն, որ եթե 1995թ-ի խորհրդարանը լավագույնն էր, ապա ինք եթե ոչ հինգ, գոնե տասը ակտիվ պատգամավորներից մեկն է եղել, մասնակցել է օրենսդրական բոլոր նախաձեռնություններին, լինելով բնական պաշարների ենթահանձնաժողովի նախագահ՝ ղեկավարել է այն խումբը, որը ստեղծել է անտառի մասին օրենսգիրքը։ Սրանք այն ավանդներն են, որ հետագայում եկած պատգամավորները ոչ միայն չեն զարգացրել, այլ տարել են կործանման, և ինքը, համարելով, որ խորհրդարանը մարտադաշտ է, որտեղ որոշում են մեր ժողովրդի ճակատագիրը, այժմ նորից դուրս է եկել պայքարի իր «թոռների» համար անելու այն, ինչը ժամանակին չի կարողացել անել «որդիների» համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *