«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել Վահե Դանիելյանի («Իմ քայլը» դաշինք) և Արայիկ Պապիկյանի («Սասնա ծռեր») հետ։
Հարցին, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, ընթացքում ինչ խոչընդոտներ են ի հայտ գալիս, բանախոսները պատասխանեցին, որ քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, հանդիպում են միայն տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք արագ կարգավորվում են։
Համայնքների համաչափ զարգացման մասին խոսելիս պարոն Դանիելյանն ասաց, որ նախկին իշխանությունները մշտապես խոսել են տարածքների համաչափ զարգացման մասին, սակայն օրենսդրական մակարդակում սա լուրջ խնդիր է եղել, քանի որ մարզերը չեն ունեցել այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի հնարավորություն ունենան իրենց տեղական նշանակության հարցերը որոշակիորեն լուծելու։ Ըստ նրա՝ դրա համար պետք է նոր միջոցներ գտնել, նոր լուծումներ առաջադրել, այնպիսի միջոցներ ներմուծել մարզեր, որպեսզի դրանք ֆինանսապես ավելի անկախ լինեն։ Համայնքների բյուջեների մեծ մասը ձևավորվում է ֆինանսական համահարթեցման դոտացիաների միջոցով, և, չնայած մենք ունենք տեղական ինքնակառավարման սկզբունք, բայց պարոն Դանիելյանի համոզմամբ, այդ սկզբունքը չի կարող ռեալ լինել, քանի դեռ համայնքները ֆինանսապես անկախ չեն։
Պարոն Պապիկյանն ասաց, որ իրենց ծրագրում ներկայացրել են տնտեսական զարգացման այն պատկերացումները, որոնք տեսնում են իրենց քաղաքական ուժի տեսլականում։ Արայիk Պապիկյանի խոսքով՝ տնտեսական զարգացում ստեղծելու համար նախ պիտի ստեղծել խաղի այնպիսի կանոններ, որ բոլոր մասնակիցների համար նույնը լինեն։ Եթե չկան խաղի այդ կանոնները, ապա ցանկացած գեղեցիկ փաթեթավորված ծրագիր առնվազն ինքնախաբեություն է, և ազնիվ չէ ընտրողներին դա ներկայացնելը։ Պարոն Պապիկյանի համոզմամբ՝ իրենց կհաջողվի ընտրողներին համոզել, որ անցել են թվեր և վիճակագրություն ներկայացնելու ժամանակները, և iիրենք ամեն ինչ պիտի անեն խոսքը գործ դարձնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ։
0 Մեկնաբանություն