ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը: ««Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ: Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ: Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը: Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը: Օրենքը շոշափում է մարդու հիմնական իրավունքների շրջանակ և նախատեսում է այդ իրավունքներին միջամտության հնարավորություն, ուստի դրա կիրառման ընթացքում պետք է ապահովվեն համաչափ իրավական երաշխիքներ: Հարկ է հաշվի առնել նաև անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների և ընդհանրապես հանրության համար: Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարևոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ և համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին: Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները և բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:
Ամբողջական հոդվածն՝ այստեղ
0 Մեկնաբանություն