Քաղաքականություն

«ՀՀԿ-ից նոր ենք «պրծել», քաղաքացին ինչո՞ւ կուզենա ՀՀԿ-ին որպես ապագա իշխանություն տեսնել». էդ․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատել է՝ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ապագա ընդդիմադիրներին «գրպանային» են համարում: «Ըստ ՀՀԿ-ի՝ ինքը միայն կարող է իրական ընդդիմություն լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն: Ընդդիմությունն ապագա իշխանությունն է, իսկ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին չեն տեսնում որպես ապագա իշխանություն»,-նշել է նա: Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ից նոր ենք «պրծել կամ պրծնում». «Ուստի ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիներն ուզենալ, որ ՀՀԿ-ն ապագա իշխանություն լինի: Էլ չնկարագրեմ, թե ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչ է կատարվել: Նման քաղաքական միավորը չի կարող հավակնել լինել ապագա իշխանություն»: Ապա Մարուքյանը հարցադրում է արել ՀՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու առնչությամբ. «Այդ ո՞ւմ պետք է ընդդիմախոսեն, Նիկոլ Փաշինյանի՞ն: Նա ճգնաժամային կառավարության ղեկավարն է: Այդպիսի կառավարությանն աջակցում են, ոչ թե ընդդիմախոսում: Մենք աջակցել ենք՝ տալով նախարար, խորհրդարանում կանխելով սաբոտաժները»: Հարցին՝ ինչո՞ւ եք ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչություն անում, Էդմոն Մարուքյանն այսպես է արձագանքել. «Ես նման բան չեմ անում: Մեր քարոզարշավի ընթացքում հնարավորինս չենք անդրադառնալու ՀՀԿ-ին: Ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Խնդիրն այն է, որ երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում՝ այստեղ նստած էր որպես վարչապետի թեկնածու, ես ասելիքս ասել եմ նրա աչքերի մեջ նայելով: Իսկ ոմանք, որոնք այդ ժամանակ լռել էին, հիմա են սկսել ինչ-որ բան ասել»: 

Հոդվածը՝ «Առավոտ»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *