Քաղաքականություն

ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի տարածքային կառույցները չեն հետևում կուսակցության որդեգրած ուղուն. Վանաձորի ավագանիում նրանց համագործակցությունը ՀՀԿ-ի հետ շարունակվում է. Ք. Մարուքյան

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները չեն հետևում կուսակցությունների որդեգրած ուղուն: Կուսակցությունները հայտարարել են ժողովրդական շարժմանը միանալու մասին, իսկ նրանց Վանաձորի տարածքային կառույցները շարունակում են ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե հայտարարություններ են հնչում կուսակցության կողմից, այդ կուսակցության բոլոր տարածքային կառույցները ենթադրաբար պետք է հետևեն այդ նույն կուրսին:

«Ես ուղիղ տեքստով հենց ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների ավագանիների առաջ նախորդ նիստից առաջ հարց եմ բարձրացրել, քանի որ ՀՀ-ում իրողություններ են փոխվել, ձեր կուսակցությունները հայտարարել են համաժողովրդական շարժմանը միանալու մասին, քվեարկում են՝ ի օգուտ Նիկոլ Փաշինյանի:

Այդ պահին մեծ հաշվով արձագանք չեղավ: «Դաշնակցության» ներկայացուցիչն ընդամենն ասաց, որ եթե բան փոխվի, մենք հայտարարությամբ հանդես կգանք: Ես հարցրի, այսինքն, որևէ բան չի փոխվե՞լ, ասացին՝ ոչ»,- հայտնեց Քրիստ Մարուքյանը:

Առանձին քննարկումներ ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ «Լուսավոր Հայաստանը» չի նախատեսում: Քրիստ Մարուքյանը նշեց, որ իրենց գործողությունները միշտ եղել են հրապարակային և շարունակելու են այդպիսին մնալ:

«Մեզ համար կարևոր էր հասկանալ, թե մենք ինչ միջավայրում ենք շարունակում աշխատել, ում հետ ենք շարունակում աշխատել: Եվ նաև մեծ մասամբ իրենց փոխարեն պատասխանում էր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Զարմանալի է, որ կուսակցության մակարդակով այլ հայտարարություններ են հնչում, տարածքային կառույցների հետ դա, կարծես, որևէ ազդեցություն չունի, և իրենք շարունակում են այլ ճանապարհով գնալ»,- ընդգծեց նա:

«Թավշյա հեղափոխությունից» հետո Վանաձորում իրավիճակի փոփոխության հասնելու համար, ըստ Մարուքյանի, առաջին հերթին տվյալ կուսակցությունները պետք է իրենց դիրքորոշումներում փոփոխություն արձանագրեն: Սակայն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը վերահաստատում են «Հանրապետական» կուսակցության հետ իրենց կնքած համագործակցության հուշագիրը:

Հարցին՝ ՀՅԴ և ՕԵԿ կենտրոնական կառույցները չպետք է կոչ, հորդոր անեն Վանաձորի տարածքային կառույցին, Քրիստ Մարուքյանը պատասխանեց. «Կուսակցությունն իր ներսում, տարածքային կառույցների հետ կոչերով չէ, որ պետք է հաղորդակցվի: Կան կուսակցական մեխանիզմներ, ինչ-որ խողովակներ, որոնցով այդ ինֆորմացիան տեղափոխվում և որոշումների կայացման մեխանիզմներ են գործում: Արդեն իրենք կմեկնաբանեն, թե ինչով է պայմանավորված դիրքորոշումների տարբերությունները»:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորում առանձին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր չի ստորագրվել, այլ եղել է համընդհանուր:

««Հանրապետական« քաղաքապետին սատարելու խնդիրն այնտեղ կոնկրետ օրակարգային հարցերի մեջ քննարկվում է, մեր ավագանու անդամներն իրենք են որոշում՝ որ հարցին կողմ քվեարկել, որ հարցին՝ դեմ: Այնտեղ քաղաքապետին սատարելու խնդիր չէ, քաղաքի կյանքի բարելավմանը միտված որոշումների կայացման ուղղությամբ քննարկումներն են»,- նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանն էլ հայտնեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը «Հայկական վերածննդի» հետ այս պահին կապ չունի: Նա հիշեցրեց, որ «Հայկական վերածնունդը» կուսակցությունների միություն է եղել, այդ կուսակցությունները միաձուլման միջոցով վերակազմակերպվել են, և կազմվել է «Հայկական վերածնունդ» քաղաքական-հասարակական կազմակերպությունը: Հետագայում «Հայկական վերածնունդը» արտահերթ համագումարում որոշում կայացրեց միավորվելու՝ «Օրինաց երկրին»:

«Ինչ վերաբերում է Վանաձորի պարագային,Վանաձորի ավագանին ինքնուրույն է և ինքնուրույն է որոշում իր քաղաքական կուրսը: Մենք հիմա գործ ունենք ՕԵԿ-ի հետ, իսկ ՀՎԿ-ն գտնվում է լուծարման գործընթացում, բայց խմբակցությունը իրավական առումով պահպանվում է: ՀՎԿ խմբակցությունը պահպանվում է, բայց ՕԵԿ-ը «Հայկական վերածննդի» հետ այս պահին կապ չունի»,- հայտնեց Վահե Թորոսյանը:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո քաղաքի 33 հոգանոց ավագանին նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն, ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին:

Մեկ տարի շարունակ ավագանու մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ նիստերին չմասնակցող «Հայկական վերածնունդ» խմբակցության 5 անդամները 2017 թ.-ի նոյեմբերին որոշեցին դադարեցնել բոյկոտը: «Հանրապետական« և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների տարածքային կառույցների միջև կնքված հուշագրի համաձայն՝ ՀՎԿ անդամ Արկադի Փելեշյանը դարձավ Վանաձորի փոխքաղաքապետ:

Մանրամասներն այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *