Քաղաքականություն

«Իմ քայլ»-ի եւ ԲՀԿ-ի համաձայնությունը «Լուսավոր Հայաստան»-ին չի կաշկանդել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն եւ իշխող ուժը համաձայնության են եկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի շուրջ: Այդ աթոռը կզբաղեցնի ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տրամաբանական է, եթե այդ պաշտոնը զբաղեցնի առավել ձայներ ստացած խորհրդարանական խմբակցությունը: Վարչապետի այս հայտարարությունը եւ ԲՀԿ-ի հետ քաղաքական համաձայնությունը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին չի կաշկանդել: Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասել է, որ որեւէ հայտարարության ազդեցության տակ իրենց որոշումը չի կարող փոփոխվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նա համարում է «ՀՀԿ-ի ժամանակ ձեւավորված ավանդույթ» , որը գոնե հիմա պետք է փոփոխության ենթարկվի։ «Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տալ ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին, ուրեմն Սահմանադրության մեջ պետք է գրված լինի այդպես: Բայց Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է փոխխոսնակ. հետեւաբար, կա ընտրություն, դրա համար էլ մենք առաջադրում ենք տիկին Թանդիլյանի թեկնածությունը, որ ընտրության հնարավորություն լինի»,- ասել է Էդմոն Մարուքյանը` հավելելով`եթե «Իմ քայլը» դաշինքը որոշում է կայացրել, որ իր ձայնը պետք է տա ԲՀԿ-ին, պետք է այդպես էլ ասել: «Ասել, որ տրամաբանական է մեծ խմբակցությանը տալ այդ պաշտոնը, ես կարծում եմ՝ դա փաստարկ չէ»։ Մանե Թանդիլյանին նա համարում է լավագույն թեկնածուն ընդդիմադիր փոխխոսնակի համար եւ հուսով է, որ վերջինս կընտրվի: Բավական տարակուսանքի տեղիք է տվել նաեւ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, որ իրենք չեն պատրաստվում հավերժ ընդդիմադիր մնալ: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում կոալիցիա կազմեն իշխող ուժի հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Դա քաղաքագիտական թեզ է առ այն, որ ցանկացած ուժ ձգտում է իշխանության եւ ոչ թե ձգտում է միշտ լինել ընդդիմություն: Ընդդիմությունը դա այն ուժն է, որը ձայներով չի կարողացել ստանձնել իշխանությունը, սակայն շարունակում է ձգտել իշխանության եւ իր գործունեությամբ ակնկալում, որ հաջորդ ընտրություններում կստանա բավարար ձայներ իշխանություն կամ իշխանության մաս լինելու համար: Զարմանում եմ, թե ինչ տարակուսանք կարող է դրանից առաջանալ: Եթե ասեի, որ մենք միշտ ընդդիմություն կլինենք ու չենք ձգտում իշխանության, այ դա հակաքաղաքագիտական եւ տարակուսելի թեզ կլիներ»: 
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *