Քաղաքականություն

«Իմ քայլը»-ի մի խումբ պատգամավորներ հայտնել են մանդատը վայր դնելու և խմբակցությունը լքելու մասին՝ Փաշինյանի գիշերային գրառումից հետո

Կեսգիշերն անց Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից հետո որոշ պատգամավորներ հայտարարել են իշխանական մանդատը վայր դնելու և«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին:

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - գրել էր Փաշինյանը:  

Իշխանական խմբակցությունից  Թագուհի Թովմասյանը գիշերը Ֆեյսբուքում գրառում էր արել.  «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»: Թովմասյանը հատուկ ընդգծում է, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվում, հետայսու գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանը ևս գրառում կատարել Ֆեյսբուքում՝ նշելով` «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ... որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշում եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես Ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *