Այն ժամանակ, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյանից մեջբերում էր անում՝ ասելով՝ «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա…», այդ ընթացքում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս գրեց՝ մեջբերելով Սեւակ. «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, սիրելիս, որ քեզ սիրել ու օգնել եմ…»: Այս առնչությամբ լրագրողները Մարուքյանից հետաքրքրվեցին՝ քաղաքական ենթատեքստ կա՞ր, ինչո՞ւ մեջբերեցիք այդ խոսքերը: Նա պատասխանեց, որ այս ընթացքում շատերը «ցիտում են լոռեցի բանաստեղծին», վարչապետը մեջբերեց Հրանտ Մաթեւոսյանին, ինքն էլ որոշեց Պարույր Սեւակին մեջբերել. «Իմ ցանկացած արարքի մեջ քաղաքական ենթատեքստ կա: Ես ինչ անում եմ, մեջը քաղաքական ենթատեքստ կա»: Դիտարկմանը, որ դուք փորձեցիք օրիգինալ գտնվել ու Հրանտ Մաթեւոսյան չմեջբերե՞լ՝ նա պատասխանեց. «Այո, ես միշտ փորձում եմ տարբերվել, առավոտից Հրանտ Մաթեւոսյան են ցիտում»: «Առավոտ»-ի հարցին՝ Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որ հիմիկվանից հոգնել եք, հետո ի՞նչ կանեք՝ Մարուքյանը արձագանքեց. «Ես խորհուրդ կտամ կարդա այն, երեւի չգիտի՝ ինչ բանաստեղծության մասին է խոսքը»: Կառավարության ծրագրի մասին խոսելով՝ Մարուքյանն ասաց, որ ելույթներում դիրքորոշումը կհայտնեն. «Նախնական տպավորությունների մասին մեր պատգամավորները տարբեր եթերների ժամանակ խոսել են՝ թվերը քիչ են, կոնկրետություն չկա, թե ինչը երբ պետք է արվի»:
0 Մեկնաբանություն