«Նախարարի հայտարարությունը` ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, պետք է ընկալել հենց այդ համատեքստում»,- խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին` իր կարծիքով արցախյան հակամարտությունը քանի կողմ ունի:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպման էին հրավիրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպումը փակ էր: Երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնականում Արցախի հարցի բանակցային ներկա փուլին վերաբերվող հարցեր: Ըստ Էդմոն Մարուքյանի, հանդիպում-քննարկման անհրաժեշտությունն առաջացել է հատկապես Բեռլինում Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի ճեպազրույցից, նաեւ մինչ այդ կայացած Ալիեւ-Փաշինյան «անակնկալ» հանդիպումից հետո: Հանդիպումից մանրամասներ Էդմոն Մարուքյանը չի հրապարակել. «Անիմաստ կլինի քննարկման այս ձեւաչափը, եթե հիմա ամեն ինչ բարձրաձայնենք»: Նա հավելել է, որ իրենց մտահոգությունները տարբեր հարցազրույցներում ասել են, դրանք վերաբերվում են փորձագիտական շրջանակներում ակտիվ շրջանառվող տարբեր մոտեցումներին, որոնք, իր գնահատմամբ, հաճախ նաեւ Արցախի հարցի շահարկման թեմա են դառնում: «Կանչել էինք, որ մտահոգությունները փարատվեին եւ նոր մտահոգություններ չունենայինք, նաեւ, որ կարծիքներ հայտնեինք`տեղեկատվության հիման վրա»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Էդմոն Մարուքյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել էր քաղաքական խորհրդակցություններ անել: Այսօր նա ասաց, որ վարչապետից որեւէ արձագանք չի եղել: Սպասում են: Իսկ նախարար Զոհրաբ Մնացականյանից ստացել են «Ինչո՞վ է պայմանավորված Արցախի խնդրի բանակցային այս փուլը» հարցի պատասխանը: Էդմոն Մարուքյանը երբեք մտահոգված չի եղել Հայաստանում ապրիլյան իրադարձություններից հետո, նոր կառավարության անդամների ադրբեջանական կողմի ակտիվ հանդիպումներով. Դա նոր իրավիճակում բնական է համարում: Նաեւ կարծում է, որ դրանք ավելի լավ են, քան կրակոցները: «Բայց քանի դեռ հարցը կարգավորված չէ`մեր պատկերացրած լուծումներով, դժվար է ասել, որ մտահոգությունները փարատված են»,- ասել է Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ ունեցած ընթացիկ հարցերն ու մտահոգությունները փորձել են փարատել`ստացված տեղեկատվության արդյունքում, որը, սակայն, դեռ պետք է վերլուծեն: Ինչ վերաբերվում է նոր պատերազմի հավանականությանը, Էդմոն Մարուքյանը հայտարարում է. «Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, պատերազմի հնարավորությունը միշտ էլ իրական է, մենք էլ միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»: Հարցին`ի՞նչ փուլում են բանակցությունները, նա պատասխանել է. «Այդ հարցին կարող են պատասխանել վարչապետը եւ նախարարը, մենք չենք դրանց վարողը»: Ինչ վերաբերվում է ՀՀ նոր իշխանության վարած արտաքին քաղաքականության գնահատականներին, Էդմոն Մարուքյանն ասում է, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:
Նյութը` «Առավոտ»-ի:
0 Մեկնաբանություն