Քաղաքականություն

Քարոզարշավը մեկնարկել է

Այսօր մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը, որը կշարունակվի 12 օր։

Քարոզարշավի կարճ ընթացքը պայմանավորված է նրանով, որ ընտրությունն արտահերթ է, և կարճ ժամանակահատված է հատկացված բոլոր նախապատրաստական միջոցառումներին։

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017-ի ապրիլի 2-ի ընտրության ժամանակ քարոզարշավին հատկացված էր 27 օր՝ մարտի 5-31-ը ներառյալ։

Արտահերթ ընտրություններում պատգամավորական առնվազն 101 մանդատի համար պայքարում են 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրապայքարի մեջ են հետևյալ քաղաքական ուժերը.

«Հայաստանի հանրապետական կուսակցություն»

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»

«Հայ ՅԵղափոխական Դաշնակցություն»

«Իմ քայլը» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն»

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցություն»

«Ազգային առաջընթաց» կուսակցություն 

«Մենք» դաշինք, որի կազմում են 2 կուսակցություն՝ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ»

«Օրինաց երկիր» կուսակցություն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Քաղաքական ուժերի համարներն ընտրված են վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժին հատկացված է տվյալ համարի քվեաթերթիկը (վերևում քաղաքական ուժերը թվարկված են ըստ իրենց համարների հերթականության)։

Ընտրողը պետք է ծրարի մեջ դնի այն քաղաքական ուժի քվեաթերթիկը, որին կողմ է։ Տվյալ ընտրատարածքի՝ տվյալ քաղաքական ուժի ռեյտինգային թեկնածուների անունները քվեաթերթիկի դարձերեսին են․ հարկավոր է նշում անել այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին քվեարկում ենք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *