«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը չի տեսնում կոալիցիայի որևէ հնարավորություն «Իմ քայլը» դաշինքի հետ:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Մարուքյանը պարզաբանել է՝ պատեհապաշտ չեն և որևէ ուժի չեն կարող միանալ՝ ուղղակի միանալու համար։
«Ես չեմ տեսնում կոալիցիայի որևէ հնարավորություն, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը ստանալու է ձայների մեծամասնությունը։ Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ես ինքս՝ մենք ունեցել ենք էդ հնարավորությունը լինելու ինչ-որ տոկոսով ներկայացված «Իմ քայլը» դաշինքի մեջ, մենք մերժել ենք էդ առաջարկները, մենք չենք գնացել դրան։ Նաև այդ պատճառով մեզանից մարդիկ են դուրս եկել, գնացել, միացել են էնտեղ։ Մենք տարբեր ենք, մենք ասել ենք, որ արհեստական, ձևական, զուտ մանդատ ունենալու համար մենք պատեհապաշտ չենք, մենք որևէ ուժի չենք կարող միանալ, միանալ՝ ուղղակի միանալու համար»», - ասաել է Մարուքյանը՝ շարունակելով. - «Իմ քայլը» ըստ էության ստեղծվել է հենց «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) դոմինանտ բազայի վրա, այնտեղ երկրորդ ուժն «Առաքելություն» կուսակցությունն է, որը ներկայացված չի եղել ո՛չ նախորդ, ո՛չ դրանից առաջվա որևէ խորհրդարանում»։
Մարուքյանը մանրամասնել է՝ առաջարկվում էր ընտրություններին գնալ դաշինքով, սակայն, ըստ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդի, երկրի քաղաքական համակարգի առողջացման տեսանկյունից դա սխալ որոշում կլիներ։
«Երբ որ հեղափոխությունը եղել էր, կոնկրետ քննարկվում էր, որ մենք բոլորով միասին գնանք, դաշինքի անունը դեռևս քննարկվում էր, հայտնի չէր, թե ինչ կլինի, բայց երկրի քաղաքական համակարգի առողջության տեսանկյունից դա սխալ որոշում կլիներ, եթե մենք դրան գնայինք։ Դա կլիներ զուտ հետևյալը, որ կա ավելի արագ ընթացող ճեպընթաց և մենք ուզում ենք նստել դրա մեջ, որովհետև հեշտ է տեղ հասնել։ Մենք տեղ հասնելու խնդիր չունենք, մենք մեր գաղափարները պահելու, մեր տեսակը պահելու, քաղաքական համակարգն առողջացնելու խնդիր ունենք, հակակշիռ լինելու խնդիր ունենք», - ասել է Մարուքյանը՝ շարունակելով. - «Վերջին հաշվով նույն Նիկոլ Փաշինյանը և մեր մյուս գործընկերներն անգիր գիտեն մեր տեսակը, մեր մոտեցումները, որովհետև էդ քննարկումները «Ելք»-ում ունեցել ենք, ուղղակի դրանք փակ են եղել, հիմա ես ձեզ խոստանում եմ՝ բաց կտեսնեք պառլամենտում»։
Մարուքյանն ընդգծել է՝ «Լուսավոր Հայաստան»-ը կարող է լինել հակակշիռ ուժ խորհրդարանում։
«Այսինքն՝ մենք լիարժեք, լիիրավ կարող ենք լինել հակակշիռ ուժ։ Եթե կարիքը լիներ գործընկեր լինելու՝ իրար հետ գնալու, մենք ի սկզբանե իրար հետ կգնայինք։ Ես դրա կարիքը չեմ տեսել, ապագայում էլ ես տեսնում եմ, որ դրա կարիքը չկա, որովհետև, եթե մի ուժ ունի 80 տոկոս ձայն, իմաստ չկա... Տեսեք՝ ՀՀԿ-ն ստանում էր 60 քանի մանդատ, վերցնում էր երկու ուժի, հետը կոալիցիա էր կազմում, հետո էդ ուժերը բողոքում էին, ասում էին՝ «այո՛, մենք կոալիցիայում էինք, բայց մենք դեր չունեինք»: Դեր չունեիք՝ չգնայիք կոալիցիա, երկու նախարարի համա՞ր էիք գնացել: «Մենք չէինք կարողանում ազդել որոշումների վրա»։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ եթե ես որոշումների վրա ազդելու լծակ չունենամ՝ իրանք լինեն դոմինանտ, մենք՝ փոքր ուժ, մեր ինչի՞ն է պետք գնալ, միանալ, որ ի՞նչ։ Ավելի լավ չի՞, որ մենք լինենք էն ուժը, որը կտեսնի դրսից տեղի ունեցող պրոցեսները և կասի՝ «եղբայր, դա սխալ է, էս մի բանը մի՛ արեք», - ասաել է Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել «Ազատություն ռադիոկայան»-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն