Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրության քվեարկությունը: Առավոտյան ժամը 8:00-ին ընտրողների առաջ դռները բացեցին թվով 2 010 ընտրական տեղամասերը: Ի դեպ, 1 500 տեղամասից ողջ ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակվում է: Հեռարձակվելու է նաև քվեների հաշվարկը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2միլիոն 573 հազար 779 քաղաքացի:
Հայաստանն ընտրում է 7-րդ գումարման ԱԺ կազմը, որը պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 24-ին:
Մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Մեր երկրում առաջին անգամ է անցկացվում արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ընտրության՝ արտահերթ լինելու փաստով պայմանավորված՝ նախընտրական քարոզչության համար հատկացված էր ընդամենը 12 օր: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ԱԺ ընտրությունների քարոզարշավը տևել է 27 օր:
Վաղը կհրապարակվեն ընտրության նախնական արդյունքներն, ու արդեն հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն նոր ԱԺ-ում և որը՝ քանի մանդատով:
ԱԺ մուտք գործելու համար սահմանված նվազագույն շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ առնվազն 3 քաղաքական ուժ պետք է ընդգրկվի խորհրդարանում: Այսինքն՝ ստացած քվեների քանակով 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը մուտք կգործեն ԱԺ, եթե նույնիսկ չապահովեն պահանջվող նվազագույն շեմը:
Ընտրությունների ընթացքին հետևում են 8 միջազգային և 22 տեղական դիտորդական առաքելություն: Դիտորդական առաքելություններ են գործուղել թե՛ ԱՊՀ-ն, թե՛ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ու ԵԽԽՎ-ն:
0 Մեկնաբանություն