Քաղաքականություն

Կարելի է պարգևավճարների բյուջեի հաշվին բարձրացնել աշխատավարձերը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Տարբեր գերատեսչություններում տրված պարգևավճարների շուրջ աղմուկից հետո «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել կառավարությանը կամ հանդես գալ օրենսդրական փոփոխություններով՝ սահմանափակելու պարգևավճարների բյուջեն։

«Խմբակցությունում քննարկում ենք, բայց այնտեղ պետք է որոշակի օրենսդրական կարգավորումներ անել, որ մենք կարողանանք արդեն օրենքով ֆիքսած ունենանք», - ասել է «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Փամբուխչյանը վստահ է՝ անհրաժեշտ է այնքան սահմանափակել պարգևավճարների բյուջեն, որ այլևս հանրության շրջանում դժգոհություններ չլինեն։

«Պետք է լինի որոշակի արդարության սկզբունք, այսինքն համեմատած մնացած բոլորի ստացած աշխատավարձի հետ, միլիոնները, որ ստանում են, բնականաբար, մարդկանց նյարդերը գրգռում է, և իրենք այդտեղ անարդարություն են տեսնում», - նշել է «Իմ քայլ»-ի պատգամավորը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր հերթին հարցի շուրջ կներկայացնի սեփական առաջարկները. խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտահոգություն ունի, որ ՊԵԿ-ում ու Երևանի քաղաքապետարանում մի քանի պաշտոնյաների՝ միլիոնավոր դրամներ ստանալու պատճառով կարող են տուժել ցածր օղակների աշխատակիցները։

«Պետական սեկտորում բազմաթիվ հիմնարկներում աշխատավարձը հաշվարկված է մարդկանց ներկայացված պարգևավճարը իր հետ գումարած։ Այսինքն, ասում ես՝ «ինչքա՞ն է աշխատավարձդ», ասում է՝ «դե, 200 հազար դրամ», ասում ենք՝ «մաքուր ինչքա՞ն է», ասում է՝ «դե, 130 գումարած 70 հազար դրամ էլ ես պարգևավճար եմ ստանում»։ Այսինքն, մարդը դա ընկալում է որպես իր աշխատավարձի մաս, հետևաբար, եթե նա չստանա դա, էդ 130 հազար դրամով էն գործը, որ անում է, չի անելու», - «Ազատության» հետ զրույցում նշել է Մարուքյանը։

Միևնույն ժամանակ, նա կարծում է՝ կարելի է պարգևավճարների բյուջեի հաշվին բարձրացնել աշխատավարձերը։

«Ներառել աշխատավարձի մեջ և վերջացնել էս խնդիրը, կամ դնել ինչ-որ սանդղակ, ստուգել մարդկանց աշխատանքային ձեռքբերումներն, այսպես կոչված, և ընթացքում ամեն մի լավ ձեռքբերման պարագայում տալ պարգևավճար։ Կրկնում եմ՝ պետք է էլի էդ աշխատավարձը բարձրացնել, նոր սանդղակը դնել, սանդղակով, ասենք, պարգևավճար տալ նրանց, ովքեր շատ են աշխատել, շատ որակ են ապահովել, ցուցանիշներ ունեն և այլն», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը։

Անցյալ տարեվերջին Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչություններում տրվել էին պարգևավճարներ, ինչպես նաև այսպես կոչված 13-րդ աշխատավարձեր։ Հատկապես շռայլ բյուջով աչքի էին ընկել Երևանի քաղաքապետարանը և Պետեկամուտների կոմիտեն, որն այդպես էլ պաշտոնապես չհայտնեց, թե որքան պարգևավճար է բաշխել իր աշխատակիցներին, բայց ըստ տեղեկատվական արտահոսքի, ՊԵԿ-ում եղել են ավելի քան 5 միլիոն դրամ պարգևավճար ստացած անձինք։

Ու չնայած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հայտարարություններին, որ պարգևավճարների բյուջեն պետք է սահմանափակել, Երևանի քաղաքապետարանը 2019-ի բյուջեով էապես ավելի մեծ գումար՝ գրեթե 4 միլիոն դոլար է նախատեսել աշխատակիցներին խրախուսելու համար։ Արարատի մարզպետը, ով ինքն իրեն պարգևատրած պաշտոնյաների շարքում էր, ևս հայտնել է, որ 2019-ին պարգևատրումների բյուջեն ավելացրել են։

«Անգամ եթե նախատեսել են, դա էլ է հնարավոր վերանայել, և եթե պետք է չափանիշներ ներդրվեն՝ չափանիշներով կարելի է վերանայել։ Այսինքն, հենց էնպես, ուղղակի, որ ինչ արվել է, ասենք, երկու ամիս աշխատողին նախարարի աշխատավարձի կրկնապատիկը պարգևավճար տալը ես գտնում եմ, որ անընդունելի է։ Երևանի քաղաքապետի տեղակալը էդ ի՞նչ մի պաշտոնյա է, որ պետք է, ասենք, նախարարի աշխատավարձի կրկնապատիկի չափ պարգևավճար ստանա։ Էդ ո՞վ է ասել, էլի, ո՞նց են որոշել», - ընդգծել է Էդմոն Մարուքյանը։

Հայկական HR ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը բազմաթիվ բանաձևերի է ծանոթ՝ ինչպես վճարել ու ինչպես խրախուսել աշխատակիցներին, բոլոր դեպքերում, ըստ նրա, կարմիր թելով անցնում է թափանցիկության ու արդարության սկզբունքը։

«Ինչքանով է այդ պարգևավճարը վճարվում թափանցիկ, և ինքանով է այդ պարգևավճարը կապվում կոնկրետ աշխատանքի կատարողականի, արդյունքների հետ։ Ինչի՞ց ենք մենք նյարդայնանում, երբ որ մենք չենք հասկանում՝ որն է այդ պարգևավճարի, որ այս մարդիկ ստացել են, դրա տակ ինչպիսի տրամաբանություն կա։ Պարգևավճարը կապվում է աշխատանքի արդյունքների հետ, սա ամենակարևորագույն պայմանն է», - ասել է Արփի Կարապետյանը։

Իր բազմամյա պրակտիկայում տասնյակ ընկերությունների հետ աշխատած մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը, սակայն, չի հանդիպել դեպքերի, երբ տարեվերջին որևէ հաստատություն իր աշխատակցին պարգևատրի նրա աշխատավարձի, օրինակ, հնգապատիկի չափով, ինչպես տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանում։

«Բնականաբար, պարգևավճարը չի կարող գերազացել էն ֆիքսված աշխատավարձը, որ մարդ ստանում է», - նշել է Կարապետյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *