Քաղաքականություն

ԿՀԸ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը ևս 1 մանդատ տալու՝ Էդմոն Մարուքյանի դիմումը

ԿԸՀ-ն այսօր նիստ էր հրավիրել՝  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը քննարկելու։

Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու իրենց խմբակցության հասանելիք 1 մանդատը։

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 մանդատ ստացած պատգամավորներից Արման Բաբաջանյանը դեռ անցած տարի հայտարարել էր, որ լքում է խմբակցությունը՝ դառնալով անկախ պատգամավոր։

Էդմոն Մարուքյանը դիմումում նշել էր, որ  «խախտվել է ժողովրդի կողմից իրենց խմբակցությանը տրված ձայների թիվը և ակնկալում է, որ ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում լուծում կտա այդ խնդրին»։

Իսկ  արդյո՞ք ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակներում կարող է  լուծել այս խնդիրը. արդեն նիստում այս հարցը բարձրացնում է ԿԸՀ նախագահը։

«ԿԸՀ-ն սահմանել է հստակ մանդատների թիվ, ընտրության արդյունքների ամփոփումից հետո, այդ որոշման մեջ որևէ փոփոխություն չի կարող լինել։ Եթե հիմա բավարարենք դիմումը, կստացվի, որ ԱԺ պատգամավորների թիվը 132-ից կդառնա 133։ ԿԸՀ-ն կարող է փոփոխել այն, միայն թափուր մանդատի դեպքում»,- ասաց  Տիգրան Մուկուչյանը։

Նա չի համոզում Դավիթ Խաժակյանին, որը ներկայացնում է դիմումը ԿԸՀ նիստում։

«Մենք գտնում ենք, որ ԿԸՀ-ն այն լիազոր մարմինն է, որը պիտի որոշում կայացնի։ ԿԸՀ-ն  խմբակցությունների ներսում մանդատների պահպանման լիազորություն ունի, կարող է քննարկել և նախադեպային համարելով այս իրավիճակը, տալ իրավական կարգավորում»,-ասաց նա։

Մուկուչյանի հարցին, թե ինչ տարբերակներով է առաջարկվում լուծել խնդիրը Խաժակյանը պատասխանեց.

«Առաջարկում ենք կամ հավելումներ՝ ավելացնել 1-ը կամ վերականգնում՝ զրկելով Բաբաջանյանին պատգամավորական մանդատից։ Մինչ այս մենք կոչ ենք արել թողնել Արման Բաբաջանյանին իր մանդատը, բայց նա դա չի ընդունել»։

Խաժակյանի համոզմամբ՝ քաղաքական իմաստով ԱԺ-ում հարաբերակցությունը չի փոխվում, մեկ մանդատի այս կողմ կամ այն կողմ լինելը փոփոխություններ չի առաջացնում։

Տիգրան Մուկուչյանին էլ  այս փաստարկները չեն համոզում։ Նրա խոսքով՝  Արման Բաբաջանյանը կարող է որոշ ժամանակ անց ետ գալ խմբակցություն, այդ դեպքում ինչպես պետք է ընտրական հանձնաժողովը լուծի մանդատների հարցը։

Նիստը տևեց մոտ 1 ժամ։ ԿՀԸ-ն քվեարկությամբ մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը՝ տալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը ևս 1 մանդատ։

Հարցի քննարկումից հետո Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ն այս հարցին մոտեցավ կոնսերվատիվ ձևով. «Նշվեց, որ իրենք չունեն իրավական լիազորություն այս հարցը լուծելու համար։ Սա կարող էր լինել նախադեպային՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար։ Միանշական է, որ ոտնահարվեց ժողովրդի կողմից մեզ տրված քվեն»։ Հաջորդ քայլերի մասին խոստացավ տեղեկացնել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *