Քաղաքականություն

Կոմպրոմատային պատերազմը սկսվել է. հաջորդ ձայնագրություններին սպասելիս

Համացանցում հայտնվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արցախցի ազատամարտիկ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Դա եղել է նոյեմբերի 6 կամ 7-ին: Խոսակցությունը Շուշիի մասին է, դաժան ճշմարտության եւ դրանից հանրության անտեղյակության, Երեւանից ակնկալված մարդուժի օգնության, բայց դրա չտրամադրման մասին:

Ձայնագրությունը ավելացնում է պատերազմից հետո առանց այդ էլ ահռելի թվով հարցերը, կապված պատերազմի ընթացքի, դերակատարների, Երեւան-Ստեփանակերտ կապի, գիտակցված կամ ակամա սխալների եւ այլնի մասին:

Սկսվել է մի գործընթաց, որը շարունակվելու է «կաթիլային» պարբերականությամբ, բերելով գուցե պատասխաններ ու նոր հարցեր: Խոսքը ձայնագրությունների, կոնֆիդենցիալ տեղեկությունների մասին է, որի մեկնարկ կարող է համարվել դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյան-Լուկաշենկո զրույցի ձայնագրության հրապարակումը: Դրանում 2016-ի հոկտեմբերի խոսակցություն էր 7 շրջանների եւ դրա դիմաց Ալիեւի 5 միլիարդ դոլար առաջարկի մասին, որին ի պատասխան Սերժ Սարգսյանը 6 միլիարդ էր առաջարկում այդ շրջաններից Ալիեւի հրաժարվելու դիմաց:

4 օր անց հրապարակվեց Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ո՞րն է հաջորդը, կամ հաջորդները: Առավել եւս, որ այդ ընթացքում տարածվում են բանավոր կամ այսպես ասած հայտարարության մակարդակով տեղեկություններ կոնֆիդենցիալ զարգացումների մասին: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով Արայիկ Հարությունյանի Ազատ հայրենիք կուսակցությունից է, օրեր առաջ կոնֆիդենցիալ տեղեկատվություն էր հայտնել 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանի փակ հանդիպումից:

«Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր», հիշել էր Թովմասյանը նոյեմբերի 28-ի հարցազրույցում:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները հայտարարում են Դուբայում Ալիեւի ներկայացուցչից նրան փոխանցված նամակ-առաջարկի մասին, դարձյալ շրջանների հանձնման հետ կապված, խոսվում է նամակի բովանդակության, դարձյալ 5 միլիարդի մասին:

Բոլոր հարցերը պահանջում են պատասխան, որպեսզի հանրությունը հասկանա, թե արցախյան հարցում ինչ է կատարվել Հայաստանի հետ: Ընդ որում, այստեղ խնդիրը լոկ մեղավորներ գտնելը չէ, այլ բոլոր դերակատարների, այդ թվում արտաքին, ներգրավվածությունը պարզելը: Խաղն ավարտված չէ, եւ տեղի ունեցածը հասկանալն անհրաժեշտ է զարգացումներին պատրաստ լինելու համար:

Կա իհարկե մյուս տարբերակը՝ վերջ տալ կոմպրոմատային պատերազմին եւ ստանձնել հավաքական պատասխանատվություն ապագայի համար, ձեւակերպելով խնդիրներն ու գնալով լուծումների: Առավել եւս, որ կոմպրոմատային պատերազմը կարող է լինել նաեւ Հայաստանին այդ հավաքականությունից զրկելու միջոց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *