«Կարծում եմ՝ էլի հարցեր կլինեն: Օրինակ, ինչո՞ւ ենք 98թ.-ի ընտրություններից սկսում: Կարող ենք ավելի հետ գնալ: Բայց հիմա առաջնահերթ պետք է մտածել, թե ինչպես կարող ենք երկիրը տեղից շարժել, իսկ նախկին գործերով թող իրավապահները զբաղվեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին, որում նա Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 98թ.-ի ընտրությունները կեղծելու համար: «Նախկին գործերը չպետք է զբաղեցնեն ողջ քաղաքական օրակարգը: Հիմա օրակարգը նախկին գործերի եւ նամակների մասին է: Այդ նամակում ամբողջ հղումն արված է Վազգեն Սարգսյանի վրա»,-նկատեց Էդմոն Մարուքյանը: Հարցին՝ «Շիրխանյանի նամակում Վազգեն Սարգսյանի անունը շահարկվո՞ւմ է», նա այսպես պատասխանեց. «Կոռեկտ չեմ համարում հղում անելը զոհված մարդուն, որովհետեւ հնարավոր չէ լսել նրա կարծիքը…թող ՀՔԾ-ն մեղավորներին գտնի: Դա վերաբերում է նաեւ Հոկտեմբերի 27-ին: Դա էլ է իրավապահների գործը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
0 Մեկնաբանություն