Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է և Ռուսաստանը շատ մտահոգ է,- այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Դա ողբերգություն է, մենք շատ ենք մտահոգվում, որովհետև թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Ադրբեջանը տարածաշրջաններ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,- հայտարարել է նա:
Նա հույս է հայտնել, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի, թեև․«Հակամարտության սպառմանն ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը»։
Ռուսաստանի նախագահը նշել է. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի։ Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»:
Նա նշել է, որ կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում՝ կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման հետ։
0 Մեկնաբանություն