ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը կրկին հանգեցրել է արյունահեղության և մարդկային կորուստների: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը:
«Ճգնաժամը հաղթահարելուն ուղղված լուծումներ գտնելու համար պետք է օգտագործել յուրաքանչյուր առիթ: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը, և երկկողմ ձևաչափը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու սերտ գործընկերներն են»,-գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
0 Մեկնաբանություն