«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատրաստվում է լինել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ուժը: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
«Այս ընտրությունները Հայաստանի պատմության համար իրապես շատ կարևոր նշանակություն ունեն, և դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է իրականացված հեղափոխության հետ: Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու են կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, անկասկած, ունենալու է իր ուրույն ներդրումը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրությունների արդյունքներով երկրորդ քաղաքական միավորը լինելու հայտ, որովհետև առաջին միավորի հարցն ըստ էության լուծված է, հեղափոխությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն»,- ասել է Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի ժամանակը կարճ է, այդ պատճառով իրենք այն կիրականացնեն երկու ուղղությամբ:
«Մենք փորձելու ենք «ծածկել» հանրապետության ամբողջ տարածքը: Համամասնական քարոզարշավ իրականացնող, այսինքն` հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը, որը ես եմ առաջնորդելու, լինելու է հանրապետության 47 համայնքներում, իսկ քարոզչության մյուս խումբը, տիկին Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում»,- նշել է Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի’ր Հայաստանը» կարգախոսով, իսկ քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից:
Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի։
0 Մեկնաբանություն