Քաղաքականություն

ԼՀԿ-ն կառավարությանը կոչ է անում իրենց կողմից ներկայացված և մերժված առաջարկները կառավարության որոշման տեսքով ներկայացնելիս նշել նաև խմբակցության անունը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ է անում ԼՀԿ-ի կողմից ներկայացված  և մերժված նախագծերի առաջարկները կառավարության որոշումներով ներկայացնելիս հայտարարել, որ դրանք ԼՀԿ-ի գաղափարներն են:

Մարուքյանը նման կոչով դիմեց ԱԺ լիագումար նիստում:

«Ես ուզում եմ կառավարությանը կոչ անել, որ այն նախագծերը, որոնք ներկայացվում են ԼՀԿ-ի կողմից և մերժվում են, և հետագայում կառավարությունը դրանք օգտագործում է, գոնե հայտարարի, որ առաջարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Գաղափարը տվել ենք, օրենքի մակարդակում մերժվել է, սակայն կառավարության որոշման մակարդակում ընդունում է: Եթե խնդիրը լուծվում է, շատ ուրախ ենք, սակայն կարևոր է նաև, որ, այսպես կոչված, կրեդիտ տրվի»,- ասաց Մարուքյանն ու կառավարության գործընկերներին հորդորեց իրենց գաղափարներն օգտագործելիս նշել, որ մարդիկ տեղյակ լինեն, որ ԼՀԿ-ն ևս լավ առաջարկ է արել:

ԼՀԿ-ն ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկում էր, որ զինծառայության անմիջապես ավարտից հետո տղաները բուժզննություն անցնեն, դրանից հետո միայն կարողանան գտնել պատճառահետևանքային կապը, որն առաջացրել է հիվանդություն` զինծառայության ընթացքում կամ դրա պատճառով: Առաջարկել էին նաև 1000 դրամների հիմնադրամից  որոշակի գումարներ ուղղել զինծառայողների հիվանդության խնդիրների բուժմանն ու վերանայմանը: «Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին, սակայն հետո նմանաբովանդակ նախաձեռնություն ներկայացվեց կառավարության որոշման մակարդակով: Մտավախություն է առաջանում, որ միտքը տալիս ենք, բացասական եզրակացություն ենք ստանում, սակայն մեր առաջ քաշած նախագիծը ներկայացվում է կառավարության որոշման մակարդակով»,- նշել է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Գլխադասային հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը նշել էր, որ նախագիծն ակտուալ է, սակայն օրենքում բազմաթիվ խութեր և մտահոգություններ կային և որպեսզի օրենքի մակարդակ տալուց հետո խնդիրներ չլինեին, կառավարությունը որոշել է կառավարության որոշման մակարդակով դա իրականացնել:

Արձագանքելով Մարուքյանին` Տիգրան Կարապետյանը նշեց. «Ուղիղ եթերում ևս մեկ անգամ ասացինք, և ողջ երկիրը ականատես եղավ, որ դա ԼՀԿ-ի նախաձեռնությունն է, և ևս մեկ անգամ նշելու կամ որևէ տեղ գրելու անհրաժեշտություն չկա»:

ԱԺ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս նկատեց, թե բոլորը լսեցին, որ կառավարության նախաձեռնության հիմքում ընկած է ԼՀԿ-ի նախաձեռնությունը: «Հորդորում եմ կառավարությանը նիստի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցնել, որ այս որոշման հիմքում ընկած է օրենսդրական նախաձեռնությունը, որը եկել է ԼՀԿ-ից, որպեսզի հեղինակային իրավունքները ևս պաշտպանված լինեն»,- եզրափակեց Միրզոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *