Քաղաքականություն

Լոռու նախկին և ներկա մարզպետները կմասնակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններին

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ֆեյսբուքյան իր էջում հաստատել է իր՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու մասին խոսակցությունները։ «Հարգելի՛ եւ շա՛տ սիրելի լոռեցիներ: Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,- գրել է Նալբանդյանը: 

Որպես ռեյտինգային թեկնածու՝ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող մարզի ղեկավարը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում ներկա եւ նախկին մարզպետների մրցապայքարը, ասաց. «Պայքար կգնա բոլոր թեկնածուների միջեւ, նույնիսկ մեր կուսակցության ներսում առողջ մրցապայքար կգնա: Չեմ կարող առանձնացնել նախկին մարզպետին, բոլորն էլ թեկնածու են, շատ ուրախ եմ, բոլորին հաջողություն եմ մաղթում: Մենք գործելու ենք մեր կուսակցության շահերը պաշտպանելու համար, չենք կիրառելու որեւէ վարչական ռեսուրս, եւ թույլ չենք տալու, որ նախկին պաշտոնյաները կիրառեն իրենց նախկին գործելաոճը»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *