Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը իր կուրսից չի շեղվել. պարզապես իրողություն է փոխվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անհասկանալի կամ տարակուսելի չի համարում այն, որ հենց իր ղեկավարած կուսակցությունն է հանդես եկել հետհեղափոխական Հայաստանի նոր խորհրդարանում ԵԱՏՄ եւ տարածաշրջանային հարցերով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Բոլոր հիշեցումներին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ «Ելք» խմբակցությունն էին, որ իրենց նախընտրական ծրագրում արտաքին առաջնահերթությունների շարքում ամրագրել էին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, նախորդ գումարման խորհրդարանում էլ «Ելք» դաշինքը հանդես էր եկել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ, Էդմոն Մարուքյանը հակադարձում է` հետեւեք իրադարձությունների զարգացմանը: Մանրամասնում է` այն ժամանակ, երբ իրենք ասում էին, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գար, այդ ժամանակ Հայաստանը մերժել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: «Դրանից հետո, երբ մենք նախաձեռնել ենք այդ գործընթացը խորհրդարանում, Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ խնդիրներ է ունեցել եւ այդ խնդիրները չի կարողացել լուծել: Նաեւ` ԵՄ-ի հետ չի կարողացել ունենալ հարթակ` Ասոցացման համաձայնագիրը մերժելուց հետո: Բայց դրանից հետո աշխարհում բաներ են փոխվել. Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը շատ բարձր մակարդակ է, եւ դա չի բացառում ԵԱՏՄ-ն: Հետեւաբար ԵՄ-ի հետ համաձայնագիրը մեզ մեծ հնարավորություն է տալիս օգտվելու եւ ուժեղանալու, մյուս կողմից՝ նաեւ ունենք ԵԱՏՄ-ն: Հիմա Հայաստանում եղել է հեղափոխություն, իշխանափոխություն, իշխանությունն ուրիշ է, եւ նոր իշխանությունը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ պետք է օգուտ քաղել այդ կառույցից»: Այս իրավիճակում Էդմոն Մարուքյանը հենց տարակուսելի է համարում այն, որ խորհրդարանում կա Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողով, որը պետք է աշխատի ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում, մինչդեռ լինելով ԵԱՏՄ անդամ՝ համանման հանձնաժողով չունենք եւ չենք կարողանում այդ համագործակցության շրջանակներում լիարժեք խորհրդարանական դիվանագիտություն իրականացնել, մինչդեռ ԵԱՏՄ շրջանակներում նախկինում առկա բոլոր խնդիրները շարունակում են ուժի մեջ մնալ, եւ դրանք լուծումներ են պահանջում: Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 11-ին Tert.am-ին տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ կերպ իրենց դիրքորոշումը չի փոխել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ «Պետք է նշեմ, որ դա որպես «ե՛ւ, ե՛ւ» ներկայացնելը սխալ է, սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու: Իսկ ԵԱՏՄ-ն երկկողմ համաձայնագրեր կնքելու հնարավորություն չի տալիս»,- ասել էր նա: Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսից ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ սկսվեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին եւ հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից: 2015-ին ԵՄ-ն եւ Հայաստանը նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրվեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի կիրարկումը նախկին ՀՀԿ-ական իշխանությունները շատ կարեւոր էին համարում: ԵԱՏՄ-ի շրջանակներում, հիշեցնենք, Հայաստանը խնդիրներ ունեցավ ներմուծումների եւ արտահանումների հետ կապված, արտագնա աշխատանքի, վարորդական իրավունքների եւ այլ հարցերի հետ կապված: Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` «Լուսավոր Հայաստանի» արտաքին քաղաքական կողմնորոշումները չեն վերանայվել, իրենք այժմ էլ ձգտում են ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության, բայց քանի դեռ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի իրականացվել, ռազմավարական գործընկերության ձգտելն անիմաստ է, իսկ այդ ընթացքում ԵԱՏՄ-ում կուտակված հարցերը լուծումներ են պահանջում: «2015 թվականից երկրում հազար բան է փոխվել, նաեւ` աշխարհում»,- ամփոփում է մեր զրուցակիցը: Իսկ հարցին` այսինքն՝ այդ փոփոխությունների արդյունքում ԵԱՏՄ-ն մեզ այլեւս այն չափով չի՞ խանգարում, ինչ չափով խանգարում էր, նա պատասխանեց. «Ոչ թե չի խանգարում, այլ այս պահին ԵԱՏՄ-ն իր տեղում է, ԵՄ-ն՝ իր տեղում, եւ իշխանություններից է կախված, թե մենք ԵԱՏՄ-ից շահեր կունենա՞նք, թե՞ ոչ: Եթե այդ խնդիրները չլուծվեն, մենք էլի կառաջարկենք դուրս գալ այդ կառույցից, բայց հիմա հնարավորություն է բացվել շահելու՝ կա՛մ շահում ենք, կա՛մ չենք շահում»: 

Նյութը` «Առավոտ»-ի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *