ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, սակայն միայն 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, որպեսզի չդիտարկվի միջամտություն այդ գործին:
Այսինքն՝ Լուսավոր Հայաստանը «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին չի միանալու: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հետ քննարկել են, ժամկետների առումով ԲՀԿ-ն խնդիր չի տեսել:
Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ Սահամանադրական դատարանի վերաբերյալ ընդունված նախագիծը եղել է Սահմանադրության խախտմամբ.
«Սահմանադրական փոփոխությունները, երբ ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև 2-րդ ընթերցումը անպայման պետք է ուղարկվեն Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար: Սա կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ»:
Ըստ Սիմոնյանի՝ սա ակնառու խախտում է և անպայման պետք է քննության առարկա դառնա: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ խախտում է նաև այն, որ Հանրապետության նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից. «Ազգային ժողովի 1 խմբակցությունը իր որոշմամբ մեկ այլ՝ Սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձել»:
Նշված հարցերի առնչությամբ ընդդիմադիր խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան:
Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ընդունված օրինագիծը վերաբերելու է ՍԴ 2 անդամներին և Ալվինա Գյուլույանի վրա չի տարածվելու, նաև համոզմունք է հայտնում, որ պաշտոնանկ արված դատավորներն իրավական բոլոր ընթացակարգերով վերականգնվելու են իրենց պաշտոններում, քանի որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել:
0 Մեկնաբանություն