Քաղաքականություն

Մարուքյանն ԱԺ ամբիոնի մոտ հանեց կոստյումը. «Կոճակների տեղը փոխել եք, բայց այն մնացել է Սերժ Սարգսյանի հագով կարվածը»

ԱԺ-ում այսօր կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատեց գործադիրի մշակած նախագիծը՝ գտնելով, որ արատավոր երևույթները դրանում չեն փոխվել: «Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»՝ սուպերվարչապետական համակարգ, մինչդեռ այս նախագծով դուք առաջարկում եք կոստյումի կոճակները հանել եւ ասում, թե այն արդեն լավ կոստյում է»,-դիմելով կառավարությանը՝ ասաց Էդմոն Մարուքյանը: Ապա նա ԱԺ ամբիոնի մոտ հանեց իր կոստյումը եւ ասաց, որ մի քանի կոճակները հանելուց կոստյումը չի փոխվում. «Սուպերվարչապետությունը մնում է ուժի մեջ: Վարչապետի խոստումը չեք կատարում: Նա այս ամբիոնից ասել է, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ եւ մտնելու կառավարության կառուցվածք: Մենք էլ ենք դա առաջարկել: Ձեր ներկայացրածը Սերժ Սարգսյանի համակարգն է, իսկ դուք մի քանի կոճակ եք փոխել ընդամենը: Սա խայտառակ համակարգ է՝ քաոս: Դուք հետո փոխելու եք այն, բայց ուշ է լինելու»: Ապա Մարուքյանը հարցադրումներ ուղղեց «Իմ քայլը» խմբակցությանը. «Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, ո՞ւմ է այն պատիվ բերում, ինչո՞ւ չի կատարվում Նիկոլ Փաշինյանի խոստումը»: Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն, իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկների իր փաթեթն էր ներկայացրել: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *