Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կգնա զոռով․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Այն խնդիրները, որոնք դրված էին 88-ին, դրված են նաև այսօր։ Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին՝ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկանծու Վազգեն Մանուկյանը։

Վերջինս հատկանշանական համարեց, որ  կրկին հավաքված են այն հրապարակում, որտեղ 88 թվին հավաքվել էր ժողովուրդը միասնությամբ, մեծ ոգևորությամբ, հավատքով․

«Ժողովուրդը երդվեց, որ կկառուցի անկախ, ազատ պետություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգություն և վերամիավորում Հայաստանի հետ։ Մենք կառուցեցինք անկախ պետություն իր բոլոր թերություններով, բայց մենք այդ պետությունը կառուցեցինք, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի և Արցախի բանակը համարվում էր ամենահզորը տարածաշրջանում, մենք, սփյուռքի հետ համագործակցելով, անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում, հիմա՝ 30 տարի անց, մենք հավաքվել ենք նույն հրապարակում վիրավոր արժանապատվությամբ, հսկայական մարդկային և տարածքային կորուստներով և այն ամենը, ինչ արել էինք Արցախի հարցի համար, գրեթե կորած է, բայց վտանգված է նույնիսկ Հայաստանը, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան»։
 Մանուկյանի խոսքով՝ մենք թշնամանցանք, որովեհետև բաժանվեցինք հնի ու նորի, սև ու սպիտակի, արցախցու ու հայաստանցու։

Ըստ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածուի՝  Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը եղավ Արցախի Պաշտպանության բանակի գլխատումը․

«Արցախի լավագույն հրամանատարները, որոնք ոչ միայն փորձ ունեին և տիրապետում էին իրավիճակին,  հեռացվեցին բանակից։Երբ պատերազմի ժամանակ ես Ղարաբաղում էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնել շտաբ, գեներալները իրավունք չունեին շտաբ մտնել, վարկաբեկվում էր նաև հայկական բանակը»։

Մանուկյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանգեցրին պատերազմի․

«Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմում, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով, այդ ամենը չեղավ, այսօր աշխարհում ոչ մեկ չի հասկանում հայերին, որ այն ղեկավարը, որ հետևողականորեն երկիրը տարավ պարտության, այսօր ղեկին է»։

Ընդդիմության վարչապետի  թեկնածուն ասում է՝ պետք է ձևավորվի ժամանակավոր Կառավարություն․

«Մենք երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այս փաստաթուղթը աշխատում է դեֆակտո, և մենք մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ու խռովություն ռուս խաղաղապահների մեջ, բայց նոր կառավարությունը պետք է կարողանա այդ փաստաթղթի ամեն մի անորոշությունը դարձնել հօգուտ Հայաստանի»։

Հաջորդ հարցը անվտանգության ապահովումն է, -ասում է Մանուկյանը․

«Մենք պետք է վերականգնենք մեր բանակը, մարտունակությունը, դարձնենք այն ժամանակակից բանակ, անվտանգության հարցի մեջ մտնում է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Մանուկյանն ասում է՝ եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, ապա մենք այդ դաշինքի մեջ ենք, նաև հավելում ՝ նորից պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ։

Մյուս կարևոր հարցը, Մանուկյանի խոսքով, գերիների, անհետ կորածների հարցն է,  նաև զոհվածների ընտանքներին և փախստականներին աջակցելու հարցը։

Ընդդիմության թեկանածուն ասում է՝ ՀՀ-ում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք պառակտում են ժողովրդին․

«Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք»։

Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով,- եզրափակեց ընդդիմության թեկնածուն։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *