ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:
Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում:
Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, հաղորդում է երկրի ոստիկանությունը:
Կանադական աղբյուրների տեղեկություններով` հարձակման հեղինակը նահանգի 51-ամյա բնակիչ Գեբրիել Ուորթմանն է, որը սպանությունները կատարելու ընթացքում ոստիկանական կեղծ համազգեստ է կրել և տեղաշարժվել է ոստիկանական կեղծ մեքենայով:
Կանադական ոստիկանության տվյալներով` կարճատև փոխհրաձգությունից հետո իրավապահներին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել հարձակման հեղինակին: Նրան այս գործողություններին մղած դրդապատճառներն առայժմ անհայտ են:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին` երախտագիտության խոսքեր ուղղելով Նոր Շոտլանդիայի այն բոլոր բնակիչներին, որոնք համագործակցել են ոստիկանության աշխատակիցների հետ` հնարավոր դարձնելով հանցագործի վնասազերծումը:
0 Մեկնաբանություն