Քաղաքականություն

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը տվել 18.5 մլն դոլարը՝ քաղաքական պայմանավորվածությո՞ւն է, թե՞ վնասի հատուցում. Տարոն Սիմոնյան

Նախկին նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար: Մեր հարցին՝ դրա հետ կապված ձեր մոտ հարցադրումներ չե՞ն առաջանում՝ որպես ի՞նչ նվիրեց այդ գումարը, կամ եթե նվիրեց, պիտի վերցնե՞ն այդ նվերը, կամ պատասխանատվությունից նա ազատվելո՞ւ է այդ նվերը տալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն ինձ մոտ, այլեւ, կարծում եմ, բոլորիս մոտ այդ հարցերն առաջանում են: Հիմք պետք է լինի, պետք է հասկանանք՝ ինչ-որ քրեական գործի շրջանակներո՞ւմ է այդ նվերը կատարվել, թե՞ հենց այնպես՝ քաղաքական պայմանավորվածության արդյունք է»: Տարոն Սիմոնյանն ասաց, որ այստեղ պետք է թափանցիկություն լինի, մենք պետք է հասկանանք, թե որտեղից ու ուր է գնում այդ գումարը. «Կարելի է ենթադրել, որ քաղաքական պայմանավորվածություն է եղել, կարելի է ենթադրել, որ քրգործի շրջանակներում, որպեսզի անձի պատասխանատվությունը մեղմվի, նա կատարած հանցագործությունները մեղմելու նպատակով վնասի հատուցում է անում: Բայց սա պարզապես ենթադրություններ են: Ամեն ինչ հաշվետվողականության եւ թափանցիկության շրջանակներում պետք է լինի»: Նա ասաց, որ պատկան մարմինները կարող է ՝ քննության շահերից ելնելով հարկ չեն համարում տեղեկատվություն հրապարակել, բայց դրա մասին եւս պետք է ասվի: Մեր հարցին՝ այդ նվերը պե՞տք է ընդունվի, թե՞ ոչ, որովհետեւ «Գոլդեն փելես» հյուրանոցն էլ նվիրաբերվեց, բայց դեռ պետական հաշվեկշռում չէ՝ պատգամավորը պատասխանեց. «Նախ պետք է հասկանանք՝ նվե՞ր է, թե՞ նվեր չէ, որից հետո տեսնենք այդ նվերն ուր է գնում ու որ հաշվեկշռի տակ է դրվում»: Մեր հարցին՝ ձեր խմբակցության ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը նաեւ ֆինանսների, ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված էր հարց բարձրացրել, կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները նրան աչքաթող են արել ու իրենց համար կան հավասարներ ու այսպես ասած ավելի հավասարներ՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Երբ որ ԶԼՄ-ներում հայտնվում են մի քանի անձանց վերաբերյալ տեղեկատվություն եւ բացառվում են ու չկան ընդհանրապես այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, օբյեկտիվ հարց է առաջանում, թե ինչի՞ մի անձի վերաբերյալ գործ է գնում, մեկ այլ անձի վերաբերյալ չի գնում»: Նա ասաց, որ հասարակությունը պետք է պահանջի, որ հատկապես այն անձանց մասին, որոնց ընդդիմությունը ժամանակին ներկայացրել է որպես կոռուպցիոներ, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվություն եւս լինի. «Ես չեմ ասում, որ անձինք պետք է անպայման կասկածվեն հանցագործության մեջ, բայց ամեն դեպքում, այն անձինք, որոնք հասարակության ընկալմամբ նման արարքներ կատարել են, նրանց վերաբերյալ տեղեկատվություն ամեն դեպքում իշխանությունը պետք է տա՝ քրգործ հարուցվե՞լ է, թե՞ չի հարուցվել, պե՞տք է հարուցվի, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ «Առավոտ»-իտեսանյութում։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *