Քաղաքականություն

Ուղիղ. ԱԺ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրությամբ ընդունված կարգով այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Մինչ այդ, սակայն, հայտարարվեց, որ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

ԱԺ-ն նաև քվերակությամբ ընդունեց երեկ քննարկած մի շարք օրինագծեր։

Մասնավորապես՝ հավանության արժանացավ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրենքը՝ «Տոների մասին» օրենքում փոփոխություն անելու մասին։

Ըստ այդմ՝ օրենքով սահմանվում է Երևանի օրը՝ որպես տոնական, բայց՝ աշխատանքային օր։

Ընդունվեցին նաև Քաղաքացիական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունները։ Ընդունվեցին Լիցենզավորման մասին օրենքի փոփոխությունները։

Առաջին ընթեցմամբ ընդունվեցին Արհեստակցական միությունների մասին, ԴԱՀԿ մասին, Աշխատանքային օրենսգրքում, Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։  

Անդրադառնալով վարչապետի ընտրության հարցին՝ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջադրվել է մեկ թեկնածու․ «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Թեկնածությունը ներկայացնելու համար ձայնը տրվեց խմբակցության նախագահ Լենա Նազարյանին։

Նազարյանը նշեց, որ առաջադրումը ֆորմալ բնույթի է՝ ԱԺ լուծարման իրավական ընթացակարգն ապահովելու նպատակով։

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում՝ ինքն առաջադրվել է չընտրվելու համար։ Առաջիկա ընտրությունների լեգիտիմության ապահովման նպատակով է առաջադրումը։

«Ինձ համար աներկբա է, որ Հայաստանում տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն։ Քրեական, տնտեսական էլիտայից իշխանությունն անցել է ժողովրդին։ Ժողովուրդը ստիպել է, որ իր թեկնածուին ընտրեն վարչապետ և ճանաչեն ժողովրդի իշխանությունը։

Դեռ ամբողջական իշխանափոխություն չի կատարվել։ Պետական կառավարման համակարգը գործում է հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած։

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարող է հեղափոխությունից հետո որևէ պաշտոնյա կաշառք պահանջել, վերցնել։ Սա անտրամաբանական է»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *