ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ հետախուզման մեջ գտնվող ու հանցանքի մեջ մեղադրվող որևէ պաշտոնյա չի կարող խուսափել պատասխանատվությունից:
Այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի Հայաստանում չգտնվելու մասին հարցերին:
«Նրանք, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով, դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության ընթացքում ձերբակալեինք, բոլորն ասելու էին` բա ուր մնաց օրենքը: Բայց ուր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա ձերբակալվել էր ՌԴիրավապահների կողմից, ապա՝ ապրիլի 24-ին դիմել էր ՌԴ-ին՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով:
ՀՀ գլխավոր դատախազությունը 2018թ. դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: ԱԺ–ում, սակայն քվորում չլինելու պատճառով հարցն այդպես էլ քննարկման չէր դրվել։ Արտահերթ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանի ձևավորմամբ նախկին պատգամավորն արդեն զրկվել է անձեռնմխելիությունից։
0 Մեկնաբանություն