Քաղաքականություն

Փաշինյանի առաջարկած թեկնածուն կոմպետենտ չէ. Անի Սամսոնյան

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Գեւորգյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Մինչեւ այս ամբիոնի մոտ գալը դուք ունեցել եք որոշակի պատասխանատվություն եւ անցած ճանապարհ, ըստ որի են գնահատում ձեր թեկնածությունը: 2016-18թթ. դուք եղել եք գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հիմնադրամի տնօրենը: Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ այդ ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ եւ չի ապահովել 2017թ.-ի ծրագրերի իրականացումը: Այստեղ խոսում եք անբարեխիղճ մրցակցության վերացման մասին, մինչդեռ ինքներդ չեք անդրադարձել այդ խնդրին ձեր պաշտոնավարման ընթացքում»: Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ նշյալ ժամանակահատվածում համաշխարհային բանկի գնահատմամբ՝ ԾԻԳ-ի ծրագիրը համարվել է լավագույնը. «Դուք մի հատվածը միայն նշեցիք ԾԻԳ-ի աշխատանքից: Այսօր էլ կան ծրագրեր, որոնք լիարժեք ծավալով չեն իրականացվում: Գուցե նոր մշակույթ է անհրաժեշտ եղել, այդ պատճառով մենք որոշ բյուջեի մի մասը չենք իրականացրել: Ծրագրի բյուջեն կարող է ամբողջությամբ ծախսվել, բայց ծրագիրն արդյունավետ չլինել»: Անի Սամսոնյանը չհամաձայնեց. «Վերահսկիչ պալատը կոնկրետ մատնանշել է, որ մրցույթներում մասնակցության եւ մրցակցության ցածր մակարդակ է եղել, քանի որ մասնակցել են փոխկապակցված ընկերությունները: Այս ամենը խոսում է այն մասին, որ դուք հեռու եք եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց: Դուք չեք հավակնում այս պաշտոնին»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *