«Երանի այն ժողովրդին, ում առաջնոդը կդառնա նաև լավ ղեկավար»․Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խորհրդարանում լսումների ժամանակ իր ելույթը հենց այս խոսքով սկսեց, ապա հավելեց․
«Հիմա բոլորը գտել են հարմար դավաճան և բոլոր մեղքերը բարդում են նրա վրա։ Ասում են՝ խաբել է մեզ. խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար, մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ դասակարգման մեջ ենք: Ինձ ոչ ոք չի խաբել»,- հավելեց նա։
Խաչատրյանն անդրադարձավ ԼՀԿ-ի կողմից ներկայացված՝ իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզին․
«Մենք եկել ենք քննարկելու փաստաթուղթ, որը ԱԺ խմբակցության կողմից է առաջադրված և առոչինչ է: Ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից: Ինչո՞ւ. որովհետև այստեղ չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի բովանդակությունը»,- նշեց Խաչատրյանը։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը հարց ուղղեց ընդդիմադիր գործիչներին․
«Ասում եք՝ նոր ղեկավար, նոր արդյունքներ՝ հայանպաստ արդյունքներ: Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից, ո՞րն է հայանպաստը»։
Վերջինս երկու առաջարկ հնչեցրեց․
« Իշխանության եկող որևէ ուժ, իսկ դա լինելու է, չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է և դրա շարունակության: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը, դա կբերի պատերազմի թե ոչ, ես դրան չեմ անդրադառնա, համենայնդեպս ԱԺ-ն բաց նիստում պետք է քննարկի այդ հարցը: Երկրորդ՝ խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին: 30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա և Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտարարեց՝ պատերազմը դավադիր էր սկզբից մինչև վերջ, դավադիր էր 30 տարի առաջ տեղի ունեցածի պատճառով։
ԱԺ-ն պարտավոր է քննարկել և որոշել Արցախի կարգավիճակը ինքնուրույն՝ առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու, եզրափակեց նախկին պատգամավորը։
0 Մեկնաբանություն