«Լուսավոր Հայաստան» Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը համազգային է: 2016 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցածի վերաբերյալ, խմբակցության ղեկավարն ասաց.
«Մեծ դաս է մեզ համար եղել, որ մեր տնային աշխատանք լավ կատարենք: Այսինքն` մենք տեսել, լսել ենք լոզունգներ, բայց երբ որ ժամը եկավ, բազմաթիվ միֆեր քանդվեցին այդ օրը»:
Այժմ հերթն, ըստ պատգամավորի՝ բանակի, տնտեսության հզորացնելու ժամանակն է: Մարուքյանը համոզված է՝ պետք է պատրաստ լինել նոր պատերազմի, որը կբերի խաղաղության: Դիտարկմանը, թե Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի, Էդմոն Մարուքյանը դրական պատասխան տվեց:
«Երբ որ մենք պատրաստ ենք պատերազմի, դա հիմնական գրավականն է խաղաղություն ունենալու: Եթե մենք պատրաստ չեղանք պատերազմի, խաղաղություն չենք ունենա»:
Անդրադառնալով Նյու Յորքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց, Էդմոն Մարուքյանը, շեշտեց՝ եթե հակառակորդը գնա պատերազմի, ապա կկորցնի նոր տարածքներ:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցությունները պիտի շարունակվեն, որովհետև խնդիրը ուժային լուծում չունի: Բայց եթե մեզ վրա հարձակվեն, ապա ոչ թե մենք պետք է մտածենք, որ նոր հողեր պիտի կորցնեք, այլ պետք է տրամադրված լինենք, որ եթե նոր պատերազմ լինի, մենք պիտի նոր տարածքներ ազատագրենք»:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Արման Բաբաջանյանը, Անի Սամսոնյանն այցելել էին Եռաբլուր: Պատգամավորներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին՝ շիրմաքարերին ծաղիկներ խոնարհելով:
0 Մեկնաբանություն