Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է:
Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով է գործելու ադրբեջանական կողմը:
0 Մեկնաբանություն