«Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը», -ասել է Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանը նկատել է, որ մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից. «Փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008թ. քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացրած դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացրած որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին: Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձի դատական ակտերի վերանայման գործընթացներ, և, ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացրած դատական ակտերի միջև»,- ընդգծել է Դավթյանը:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաեւ, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը:
«Կարծում եմ, որ այսօր կանցնենք ըստ էության քննությանը և ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները»:
0 Մեկնաբանություն